Սերվանտեսի 2015 թ-ի մրցանակին արժանացել է մեքսիկացի գրող Ֆեռնանդո դել Պասոն
Միգել դե Սերվանտեսի 30-րդ մրցանակի այս տարվա դափնեկիրն Է դարձել մեքսիկացի գրող Ֆեռնանդո դել Պասոն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Pais թերթին: Նշենք, որ Սերվանտեսի մրցանակը իսպաներեն լեզվով գրող հեղինակի ամենապատվավոր պարգևն է:
Ֆեռնանդո դել Պասոն ծնվել Է Մեքսիկայում: Նա ստացել է տնտեսագիտական կրթություն, զբաղվել է լրագրությամբ, աշխատել է գովազդային գործակալություններում: Նրա խոշորագույն ստեղծագործություններն են՝ «Խոսե Տրիգո» քրոնիկները, «Պալինուր Մեքսիկացին» և «Լուրեր՝ Կայսրությունից» վեպերը, որոնց համար ստացել է խոշոր գրական մրցանակներ:
«Իր աշխատանքով նա օգնել է հարստացնել իսպաներեն լեզվով գրական ժառանգությունը»,- նման ձևակերպումով է 1975 թվականից ի վեր ամեն տարի շնորհվում այս մրցանակը: Որպես կանոն, Լատինական Ամերիկայի և Իսպանիայի հեղինակները հաջորդաբար են ստանում պարգևը: Անցյալ տարի մրցանակին արժանացել էր իսպանացի գրող Խուան Գոյտիսոլոն:
125 հազար եվրո մրցանակը, որը ֆինանսավորվում է մշակույթի նախարարության կողմից, Ֆեռնանդո դել Պասոյին անձամբ կհանձնի Իսպանիայի Ֆելիպե 6-րդ թագավորը՝ Միգել դե Սերվանտեսի մահվան օրը՝ ապրիլի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա