Ընտրության ժամանակ հանձնաժողովի անդամի գործառույթը էականորեն տարբերվում է դիտորդի գործառույթներից. ԿԸՀ նախագահ
Թե տեղամասային հանձնաժողովի անդամը, թե լրագրողն ու դիտորդը ցանկացած ընտրական գործընթացի ժամանակ ունեն կարևորագույն գործառույթներ, սակայն հարկ է նկատել, որ նրանց կարգավիճակն էականորեն տարբերվում է: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հանրաքվեի ժամանակ տեղամասային հանձնաժողովի անդամն ունի նույն կարգավիճա՞կը ինչ լրագրողն ու դիտորդը:
Տիգրան Մուկուչյանի խոսքով, կարգավիճակների տարբերությունը բնական է, քանի որ հանձնաժողովի անդամների պարտականությունը գործընթացը կազմակերպելն է, այսինքն այդ գործընթացի ժամանակ կոնրկրետ գործառույթներ կատարելը` ընտրողների գրանցում, քվեաթերթիկի տրամադրում, ծրարի կնքում և այլն:
«Հանձնաժողովների անդամները գործընթացի կազմակերպման համար կրում են պատասխանատվություն, իսկ դիտորդը և լրագրողը ունեն շատ լայն, բայց բնույթով վերահսկողական հնարավորություններ», -հավելեց պարոն Մուկուչյանը:
Այսպես, օրինակ, հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել դիմում տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարելու, տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ ներկայացնելու, եթե արձանագրությունում կատարել է գրառում հատուկ կարծիք ունենալու մասին, ինչպես նաև քվեարկության կարգի խախտման դեպքում իրավունք ունի պահանջելու, որպեսզի գրանցամատյանում արձանագրվի իր գնահատականը:
Բացի այդ, հանձնաժողովի անդամները քվերակության արդյունքներն ամփոփելիս կարող են քվեաթերթիկի կամ քվեարկության ծրարի վավերականության վերաբերյալ առարկություն ներկայացնել և այդ հարցով իրականացվող քվեարկությանը մասնակցել:
Իսկ քվեարկության նախորդ օրը միայն, ԿԸՀ նախագահի ներկայացմամբ, հանձնաժողովի անդամն իրավունք ունի ստորագրել քվեաթերթիկները և ընտրողների ցուցակների էջերը:
Իսկ ահա, լրագրողն ու դիտորդը նման իրավունքներ չունեն: Ըստ մեր զրուցակցի, նրանք իրավունք ունեն ներկա լինել հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև քվեարկության սենյակում: Սահմանած կարգով հետևելու քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներին, ինչպես նաև անարգել ծանոթանալ քվեաթերթիկների նմուշներին, ընտրական փաստաթղթերին, ընտրական հանձնաժողովների որոշումներին, նիստերի արձանագրություններին, դատարանի համապատասխան վճիռներին, լիազոր մարմնի` ընտրողին տրամադրած համապատասխան տեղեկանքին, ստանալ դրանց պատճենները կամ դրանցից քաղվածքներ (բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների), քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ ինքնուրույն կատարել քաղվածքներ ընտրողների ստորագրած ցուցակներից:
Բացի այդ լրագրողն ու դիտորդը իրավունք ունեն ազատ տեղաշարժվել քվեարկության սենյակում` քվեաթերթիկների ու քվեատուփի դիտարկման համար և այլն, բայց իրավունք չունեն միջամտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:
Նաև նշենք, որ հանձնաժողովի անդամը պետբյուջեից վարձատրվում է, իսկ դիտորդ-լրագրող-վստահված անձը՝ ոչ:
«Լրագրողը և դիտորդը ունենալով շատ լայն վերահսկողական իրավասություններ, այդուհանդերձ նրանք իրավունքների ծավալը չի համադրվում կամ նույնացվում հանձնաժողովի անդամի համար սահմանված իրավունքներին», -հավելեց ԿԸՀ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները