ՀԽ-ում Հայաստանի քաղավիացիային նվիրված հարցեր են քննարկվել
Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նիստում այսօր քննարկվել են Հայաստանի քաղաքացիական ավիացիային նվիրված հարցեր: Տեղեկացնում են ՀԽ լրատվական ծառայությունից:
Ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանը քննարկման է ներկայացրել 2 առանցքային հարց. առաջինը` օդային օրեսնդրության ընդունման անհրաժեշտությունը` որպես ավիացիայի ոլորտում պետական համապատասխան մարմինների կողմից առավել արդյունավետ աշխատելու մեխանիզմ` մասնավորապես կապված անվտանգության երաշխիքների, պատասխանատվության և բազմաթիվ այլ հարցերի հետ, երկրորդը` տեղական ավիափոխադրող կամ ավիափոխադրողներ ունենալու անհրաժեշտությունը: Ենթահանձնաժողովի անդամները կարևորել են տեղական ավիափոխադրողներ ունենալու հարցը` նշելով, որ այն Հայաստանի համար ունի ազգային անվտանգության նշանակություն:
Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը կարևորել է ավիացիայի ոլորտում ներքին ռեսուրսները կենտրոնացնելու խնդիրը` ենթահանձնաժողովի անդամներին առաջարկելով ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի հայկական ավիացիայի ներկա ռեսուրսներն ուսումնասիրելու, տեղեկությունները հավաքագրելու գործով, որպեսզի հասկանալի դառնա, թե այսօր ինչ տեխնիկական միջոցներ (մասնավորապես ինքնաթիռներ), ինչ մասնագետներ և ինչ ֆինանսական միջոցներ կան Հայաստանում:
Սաֆարյանն առաջարկել է Հանրային խորհուրդ հրավիրել այն ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են կամ պատրաստվում են զբաղվել ավիացիայի ոլորտով, լսել նրանց առաջարկները և համատեղ քննարկել ազգային ավիաընկերություններ հիմնելու և ավիափոխադրումներ իրականացնելու հետ կապված խնդիրներն ու հեռանկարները:
Նա նաև նշել է, որ Հանրային խորհրդի հետ հանդիպումների ժամանակ երկրի նախագահն ու կառավարության ղեկավարը նույնպես կարևորել են տեղական ավիափոխադրողներ ունենալու անհրաժեշտությունը, ուստի Հանրային խորհուրդը պետք է շարունակի հստակ առաջարկներ ներկայացնել ոլորտը կարգավորելու ուղղությամբ: