Ջանլուկա Մարչիանոն՝ Մալերի Սիմֆոնիա թիվ 1-ով հայաստանյան բեմում
Արամ Խաչատրյան համերգասրահում Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 14-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի Գուստավ Մալերի Սիմֆոնիա թիվ 1 «Տիտան» ստեղծագործությունը։ Համերգը ղեկավարելու է իտալացի հայտնի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն:
Նշենք, որ Ջ. Մարչիանոն ապրիլի 24-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում կազմակերպված համաշխարհային նվագախմբի համերգին: Սեպտեմբերի 1-ին դիրիժորը մասնակցել է Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ի արցախյան պրեմիերային: Դրանից հետո նա ընդգրկվել է Ադրբեջանի արտգործնախարարության, այսպես կոչված, «սև ցուցակում»։
Ջ. Մարչիանոն ներկայումս դասվում է համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար դիրիժորների շարքին և տարիներ շարունակ մեծ հաջողությամբ հանդես է եկել նաև որպես դաշնակահար: Ջ. Մարչիանոն Բեյրութի «Ալ Բուստան» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարն է, համագործակցում է աշխարհի մի շարք հեղինակավոր նվագախմբերի հետ, ղեկավարել է Զագրեբի օպերային թատրոնի նվագախումբը, այնուհետև զբաղեցրել է Թբիլիսիի պետական օպերային թատրոնի երաժշտական տնօրենի և գլխավոր դիրիժորի պաշտոնը: Մարչիանոն հանդիսանում է Ռումինիայի ֆիլհարմոնիկ և Լոնդոնի կամերային նվագախմբերի հրավիրյալ դիրիժորը:
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային երրորդ փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 3-ին: Փառատոնը ներառում է 20 սիմֆոնիկ և կամերային երեկո, սիմֆոնիկ համերգները՝ յուրաքանչյուր շաբաթ և կամերայինը՝ չորեքշաբթի օրերին: Փառատոնն անցացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Դասական երաժշտության աջակցության հասարակական կազմակերպության և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:
Նախորդող հրապարակումներ՝
Ջիանլուկա Մարչիանոն օպերային թատրոնի երկու ներկայացումում հանդես կգա որպես դիրիժոր
Իտալացի դիրիժորը հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»
Իտալացի դիրիժորը չի վախենում Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքից
Հետաքրքիր երկու ամիս՝ հայաստանյան երաժշտական կյանքում. Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները