Ռոհանի. Իրան-ԱՄՆ հարաբերությունները մի օր կկարգավորվեն, բայց Վաշինգտոնը դեռ պետք է ներողություն խնդրի
«Իրան-ԱՄՆ հարաբերությունները մի օր կկարգավորվեն, բայց Վաշինգտոնը դեռ պետք է ներողություն խնդրի»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահն իտալական «Corriere della Sera» օրաթերթին տված հարցազրույցում, անդրադառնալով իրանա-ամերիկյան հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Միջուկային համաձայնությունը կարող է նվազեցնել Իրան-ԱՄՆ հարաբերություններում առկա լարվածությունը, մի օր մեր դեսպանությունները կվերաբացվեն, սակայն մինչ այդ Միացյալ Նահանգները պետք է ներողություն խնդրեն»:
Նշենք, որ 1979թ. նոյեմբերի 4-ին ԻԻՀ հիմնադիր Էմամ Խոմեյնիի կողմնակիցները գրավեցին Միացյալ Նահանգների դեսպանության շենքը՝ պատանդ վերցնելով դեսպանության 52 աշխատակիցների:
Թեհրանում Միացյալ Նահանգների դեսպանությունը գրավելով՝ իրանցիները ԱՄՆ-ից պահանջում էին Մոհամմադ Ռեզա շահին հանձնել իրենց, որը մեկ օր առաջ բուժման նպատակով մեկնել էր Միացյալ Նահանգներ: Ամերիկացի դիվանագետները գերության մեջ մնացին 444 օր, նրանք 1981թ. հունվարի 20-ին՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության օրը, Վաշինգտոնում Ալժիրի դեսպանության միջնորդությամբ ազատ արձակվեցին:
Ներկայում Իրանում ԱՄՆ շահերը ներկայացնում է ԻԻՀ-ում Շվեյցարիայի դեսպանությունը: