Գյուղնախարարը կարևորել է պանրի արտադրատեսակների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը
«Վերջին տարիներին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է զգալի առաջընթաց, ինչին մեծապես նպաստել են նաև խորհրդի կողմից իրականացվող ծրագրերը: Այնուամենայնիվ դեռևս առկա են մի շարք խնդիրներ, որոնք առաջիկայում լուծման կարիք ունեն»,- նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Ֆրանսիայի Ռոն Ալպ ռեգիոնալ խորհրդի պատվիրակության հետ հանդիպմանը:
Գյուղնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ոլորտի առաջնահերթ խնդիրների թվում նախարարը մասնավորապես առանձնացրել է պտուղ-բանջարեղենի, կաթի և մսի վերամշակման արտադրամասերի, սառնարանային տնտեսությունների, չորանոցների կառուցման, գյուղմթերքի շուկայահանման և իրացման, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների հզորացման հարցերը:
Նախարարն կարևորել է նաև պանրի արտադրատեսակների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա տեղական արտադրանքը արտահանել Եվրասիական տնտեսական միության լայնածավալ շուկա:
Անդրադառնալով Հայաստանի գինեգործությանը` նախարար Սերգո Կարապետյանը գոհունակությամբ նշել է, որ այս ճյուղը ևս վերջին շրջանում մեր երկրում զարգացման միտում ունի, սակայն դեռևս արդիական են հայ մասնագետների վերապատրաստման և նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցերը, որոնց առնչությամբ հայկական կողմն ակնկալում է խորհրդի աջակցությունը:
Վերոնշյալ խնդիրներին լուծում տալու նպատակով նախարար Սերգո Կարապետյանը պատվիրակության անդամներին առաջարկել է քննարկել դրանք իրենց առաջիկա ծրագրերում ընդգրկելու հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև օրգանական գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցեր:
Պատվիրակության ղեկավար Էդուարդ Սիմոնյանն իր հերթին հավաստիացրել է, որ խորհուրդը կշարունակի աջակցություն ցուցաբերել Հայաստանին գյուղատնտեսության ոլորտի զարգացման նպատակով: