Երգել, նվագել ու նկարել… Անի Հովակի բազմազան աշխարհը
Այսօր Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կբացվի Անի Հովակի անհատական ցուցահանդեսը: Անի Հովակը ծնվել է 1989 թվականին: Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ֆլեյտայի բաժինը: Երգում է «Հովեր» երգչախմբում, նվագում է «Զանգակներ» խմբում: Չորս տարի է, որ սկսել է ստեղծագործել:
«Երգելը, նվագելը, նկարելը շատ կապված են իրար հետ: Մեկն առանց մյուսի չեմ պատկերացնում: Մեկը լրացնում է մյուսին: Բավականություն է՝ էներգիայի փոխանակումն արվեստի մի տեսակից մյուս տեսակ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Անի Հովակը:
Նա նշեց, որ շփվելով արվեստի երկու ճյուղի ի հետ՝ երգել, նվագել, ցանկացել է բացահայտել նաև կերպարվեստի յուրահատուկ աշխարհը. «Սիրում եմ ինձ բացահայտել տարբեր տեղերում: Մի օր որոշեցի ու նկարեցի: Հիմնականում կոլաժ եմ անում: Արվեստի բոլոր ճյուղերում էլ կարելի է համարձակ քայլերի դիմել, բայց, կարծում եմ, նկարչությունն ավելի համարձակ տարածք է»:
Անին չունի նկարչական կրթություն:
«Նկարչության մեջ կոլաժի աշխարհն ինձ շատ է դուր գալիս: Ազատ է նյութի առումով: Ամեն նյութ կարող եմ օգտագործել: Օգտագործում եմ ինչ ձեռքիս տակ ունենում եմ, այնքան որ այդ պահի զգացողությունս փոխանցեմ ու ստեղծեմ այն, ինչ տեսնում ու զգում եմ: Կարևոր չէ նյութը, կարևոր է, որ կարողանաս էմոցիաներդ փոխանցել: Երբ ինքնաարտահայտվելու կարիք ունես, ասելիք ունես, կարողանում ես ասել ամենապարզ նյութով՝ թեկուզ ներկի վերջացած ամանով»,-ասաց Անին:
Ցուցահանդեսում ներկայացված է լինելու մոտ 30 աշխատանք:
«Ցուցահանդեսի անցկացման վայրը շատ ճիշտ է՝ Տիկնիկային թատրոն, որովհետև, կարծես, իմ այս ստեղծած կերպարները՝ ավելի շատ միամիտ, երեխաներին, տիկնիկներին շատ մոտ են»:
Արվեստի երեք տեսակից որևէ մեկն Անին չի առանձնացնում, հավասարապես սիրում է նկարել, նվագել, երգել. «Մենք խոստովանում ենք արվեստով: Արվեստով խոստովանում ենք մեր զգացմունքները, տրամադրությունը՝ տխուր, ուրախ, ոգևորված, հիասթափված: Բոլոր զգացողությունները կարելի է տալ նյութին, երաժշտությանը, երգին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա