Ինչու «այո» և ինչու «ոչ». Թիմերն այսօր եղել են Ուշիում ու Ագարակում
Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում հեռարձակվող «Այո և ոչ» ռեալիթի շոուի ընթացքում Հայաստանի հյուսիս՝ Արագածոտնի Ուշի գյուղ էին մեկնել «այո»-ի և «ոչ»-ի թիմերը:
Ինչպես ավելի վաղ գրել էր Panorama.am-ը, «այո»-ի թիմը հանրապետության հյուսիսում ներկայացնելու են Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, Արթուր Եղիազարյանը, Միքայել Մելքումյանը, իսկ «ոչ»-ի թիմում լինելու են Պետրոս Մակեյանը, Վարդան Խաչատրյանը, Արմեն Մկրտչյանը, Նարեկ Այվազյանը:
Կարճ ներկայացնում ենք թիմի անդամների այն հիմնավորումները, թե ինչու մարդիկ պետք է «այո» կամ «ոչ» ասեն սահմանադրական փոփոխություններին:
Արթուր Եղիազարյան. «Այս նոր, առաջարկվող համակարգում պատգամավորն ավելի ազատ է որոշում կայացնելու հարցում: Նախագահը հեռացող է, ես դրան հավատում եմ»:
Միքայել Մելքումյան. «Պառլամենտը ընտրում է բարձրագույն դատական խորհուրդ: Մի անգամ ընտրում են, էլ դատավորը հաշվետու չէ դեպուտատին: Որ դեպուտատը զանգի դատավորին, ասի՝ ես քեզ ընտրել եմ, դու այսպես արա: Դատավարներն ընտրվելու են մեկ ժամկետով, աշխատեն, երկրորդ ժամկետ չի լինելու: Մի մարդը չպիտի որոշի ամեն ինչ, որովհետև մի մարդը կարող է սխալվել»:
Սամվել Ֆարմանյան. «Ընդդիմության պահանջներին համապատասխան ընտրակարգը դառնում է 100 տոկոս համամասնական»:
Մարգարիտ Եսայան. «Եթե ընդդիմությունը իր ձայնը չի տալիս, պառլամենտը չի կարող ընտրել ցանկացած վարչապետի, նախագահի, Ազգային Ժողովի նախագահի: Դրա համար պետք է խորհրդարանի ձայների 3/5-ը: Այսօր 2/5-ով մենք անկացնում ենք, այսինքն լայն դեմոկրատիայի հնարավորություն է տրվում: Դուք կտեսնեք, թե իսկական դեմոկրատիան որն է, հնարավորություն է տրվում վարչապետին հետ կանչելու, նախագահին հետ կանչելու, ԱԺ նախագահին փոխելու: Էլ դեմոկրատիան պոզով-պոչով հո չի՞ լինում»:
Արմեն Մկրտչյան. «Մարդիկ չեն էլ ուզում լսել սահմանադրական փոփոխությունների մասին, որովհետև էս մարդկանց համար մի խնդիր կա՝ օրվա հացի խնդիրը: Էս մարդիկ սահմանադրական փոփոխությունների մասին գաղափար չունեն, դուք ասում եք, գնացեք այո քվեարկեք: Բայց էս մարդկանց անտարբերության պատճառը ո՞րն է, եթե ոչ իշխանության գործողությունները:
Իշխանություններն ուզում են արյան գնով պահել իշխանությունը, եթե չպահեն, չանցկացնեն, դատվելու են: Պետք է համոզեն, պարտադրեն, փող տան, մենք էլ պետք է չվաճառվենք»:
Նարեկ Այվազյան. «Սահմանադրական փոփոխություններն իրականացվում են գործող իշխանության ձեռքով, դուք վստահո՞ւմ եք իշխանությանը: Ժողովուրդը չի վստահում ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը»:
Ինչ վերաբերում է Հանրապետության հարավային հատվածին, ապա այստեղ «այո»-ն կներկայացնեն Հրայր Թովմասյանը, Վարդան Այվազյանը, Կարինե Աճեմյանը, Արման Սաղաթելյանը, իսկ «ոչ»-ը՝ Հրանտ Բագրատյանը, Թամարա Գևորգյանը, Վաղինակ Շուշանյանը, Ազատ Արշակյանը: Նրանք Սյունիքի մարզի Ագարակ հայամայնքում էին:
Թամարա Գևորգյան. «Մարդիկ իրազեկված չեն ընդհանրապես, և մենք ուզում ենք, առանց իրազեկելու փոփոխություն անենք: Հասարակությունն այս գործընթացում պետք է անպայման ունենա իր մասնակցությունը, ոչ թե վերջին պահին գանք, ասենք, այս սա լավն է, եկեք, ասենք՝ այո, կամ վատն է, եկեք ասենք՝ ոչ: Շատ վատ երևույթ կա Հայաստանում, մենք հասարակությանը դիմում ենք վերջին պահին»:
Արման Սաղաթելյան. «Ըստ իս, ձեր կարծիքը թերի է»:
Հրայր Թովմասյան. «Նախագծով հստակ տարանջատված են վերահսկողներն ու խաղացողները»:
Վաղինակ Շուշանյան. «Մորս քֆուր են տվել, ես իրան չափալախեմ, ինձ բռնեն, տանեն, երկու օր քաղմասում պահեն, բայց Լիսկայի տղեն կոխի մեկի աչքը հանի, արդարացնեն, ասեն, վայ, գիտե՞ք, Լիսկայի տղեն ինքնապաշտպանվելա: Ես ասում եմ, ընենց մարդկանց բերեն դնեն, որ ոչ կլիշկա ունենան, ոչ էլ ըտենց բաներ անեն»:
Կարինե Աճեմյան. «Եթե դուք կողմ եք, որ երկրում համակարգային փոփոխություններ լինեն, ապա դուք «այո»-ին կողմ եք»:
Ազատ Արշակյան. «Նախորդ Սահմանադրությունը Մեղրիում հանքափորը չի գրել: Սահմանդրությունը գրել են նրա համար, որ իրենք չփոխվեն: Դուք ո՞նց եք պատկերացնում, որ ԱԺ պատգամավորը, նախարարը եկել են, ասում են, որ ժողովուրդ եթե ես լավ չեմ աշխատում, ինձ վռնդեք: Ես ասում եմ ոչ՝ աղքատությանը, անարդարությանը, ես ասում եմ՝ ոչ ձեր ցածր թոշակներին, ես ասում եմ ոչ, որ ձեր քաղաքը գազաֆիկացված է»:
Վարդան Այվազյան. «Չի եղել մի ընտրություն, որ կուսակցությունը 50 տոկոսից ավելի ձայն տանի: Մենք առաջարկում ենք, որ եկեք ընտրություններին մասնակցենք կուսակցություններով, որ քաղաքական մենիշխանությունը վերանա»:
Հյուսիսում գտնվող թիմը սկսելու է հեռարձակումը Արագածոտնի մարզից՝ այնուհետև լինելու են Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում: Հարավի թիմը նկարահանումները սկսելու են Ագարակ քաղաքից՝ Սյունիքի մարզի քաղաքներում և գյուղերում լինելով գալու են դեպի Երևան:
Նշենք, որ ռեալիթի շոուն հեռարձակվելու է 12 ժամյա ռեժիմով «Յուքոմ» ցանցի «ԱրմՆյուզ» հեռուստաալիքով և «Ա1+»-ի կայքով: «Այո և ոչ» հեռուստանախագիծը, Արմնյուզի և Ա1+-ի համատեղ արտադրանքն է: Կազմվել է 2 խումբ, յուրաքանչյուրում ընդգրկվել են Սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ 4-ական մասնակիցներ: Մի խումբը լինելու է հյուսիսային մարզերում, մյուսը՝ հարավային հատվածներում: Հանդիպումներն ու քննարկումները հեռարձակվելու են ուղիղ եթերում՝ ժամը ամեն օր 11:00-23:00, նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 2-ը:
Նախորդող լուր՝
Առանց ծեծուջարդի ու հայհոյանքների. «Այո և ոչ» ռեալիթի շոուի թիմերը պատրաստ են
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան