Խորհրդարանական մոդելը թույլ կտա լավագույնս ապահովել երկրի անվտանգությունը. Արման Սաղաթելյան
Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ պաշտպանության նախարարը զինված ուժերի քաղաքական ղեկավարումն է իրականացնում և, այսպես կոչված միջնորդ է հանդիսանում կառավարության և գլխավոր շտաբի հետ: Եթե ռազմական իրավիճակ է, բանակի կառավարումն անցնում է կառավարությանը և վարչապետն է ստանձնում գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ մեթոդն արդյունավետ է: Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում հեռարձակվող «Այո և ոչ» ռեալիթի շոուի ընթացքում, պատասխանելով սահմանամերձ Մեղրի քաղաքի բնակչի հարցին, ասաց Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի փոխնախագահ, ՀՀ նախագահի մամուլի նախկին խոսնակ Արման Սաղաթելյանը:
Որպես օրինակ՝ Սաղաթելյանը ներկայացրեց Իսրայելի փորձը, որը ստեղծման օրվանից պատերազմի մեջ է և ի սկզբանե պառլամենտական երկիր է:
«Հայաստանի գործող Սահմանադրության համաձայն զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն է և համակարգում է պաշտպանական ոլորը, սակայն գործող համակարգում լուրջ խնդիր կա, որը շտկված է նոր Սահմանադրությունում: Պատկերացրեք իրավիճակ, երբ երկրի նախագահը ներկայացնում է մի քաղաքական ուժ, իսկ պառլամենտում մեծամասնությունն այլ քաղաքական ուժ է, հետևաբար այդ ուժն էլ ձևավորել է կառավարությունը: Այսինքն՝ նախագահը, պառլամենտի մեծամասնությունը և կառավարությունները տարբեր թիմերի ներկայացուցիչներ են: Ստացվում է, մի իրավիճակ, երբ նախագահը պատասխանատվություն է կրում սահմանների անվտանգության, երկրի ամբողջականության համար, սակայն իր լծակները, օրինակ, տնտեսական մոբիլիզացիան, երկրի բյուջեն, այդ ամենի վրա լծակ չունի: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է նա կատարում այդ լիազորությունները, եթե կա հակասություն իշխանության թևերի միջև, որը կարող է լինել: Նոր Սահմանադրությամբ այդ բոլոր լիազորությունները կենտրոնանում են վարչապետի ձեռքում, որը լավագույն լուծում է հարցին: Կառավարման խորհրդարանական մոդելը թույլ կտա լավագույնս ապահովել երկրի անվտանգությունը»,-նշեց Սաղաթելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան