Լևոն Զուրաբյանն այս անգամ էլ փորձել է ԱՄՆ-ին տղա բերել Հայաստանի իշխանությունների վրա. «Ժամանակ»
«Ժամանակ» օարթերթը գրել է. «Օրերս Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական բարեկամական խմբի հյուրն է եղել Պետդեպարտամենտի Հայաստանի հարցերով պատասխանատու Թեդ Մեսսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետ կապված հարցեր, բայց քանի որ հանդիպումը եղել է փակ, դրա մասին որևէ տեղեկատվություն չի տարածվել:
Մինչդեռ հանդիպմանը ներկա գտնվող պատգամավորները վստահեցնում են, որ հանդիպմանը ամենահետաքրքիր մասը եղել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի գաղափարական ընդհարումը: Լևոն Զուրաբյանը մտածելով, որ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը անտեղյակ է, թե Հայաստանի քաղաքական ուժերը ինչ դիրքորոշում ունեն տարբեր արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ, փորձել է այս դեպքում էլ ԱՄՆ-ին տղա բերել Հայաստանի իշխանությունների վրա: Նա հայտարարել է, որ Հայաստանի հիմնական խնդիրը կոռուպցիան է, արդար ընտրական համակարգի բացակայությունը և մոնոպոլիաների գոյությունը տնտեսության մեջ, և առաջարկել է, որ ԱՄՆ իշխանությունները ճնշում գործադրեն Հայաստանի վրա եկրրում ժողովովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար:
Զուրաբյանի խոսքը շաքարով է կտրել Խաչատուր Քոքոբելյանը և ասել է, որ ինքը թերևս համաձայնվեր Լևոն Զուրաբյանի բնորոշումների հետ, եթե նա չլիներ Եվրասիական տնտեսական միության երդվյալ կողմնակիցներից մեկը, մի միություն, որտեղ նշված արատները համակարգային բնույթ են կրում: Լևոն Զուրաբյանը Քոքոբելյանին անվանել է «ստախոս», ասել է, որ ինքը ԵԱՏՄ-ի երդվյալ նվիրյալ չէ, որ իրենք կողմնակից էին Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով: Քոքոբելյանը, բնականաբար, հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն ռազմաքաղաքական դաշինք չէ, այլ ընդամենը տնտեսական միություն, և որ այդ միության ռուս ներկայացուցիչներն են հայտարարել, որ այդ միությունը չի կարող անվտանգության հետ կապվածխնդիրներ լուծել:
Այս բանավեճին բավական հետաքրքիր շտրիխ է ավելացրել Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը, ով բառացիորեն ասել է հետևյալը. «Ուզում եմ ձեզ ասել, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու ընթացքում ընդդիմությունը երկու հանրահավաք կազմակերպեց ի պաշտպանություն Հայաստանի ԵԱՏՄ-ի անդամակցության»:
…Ողբերգությունն այն չէ, որ Լևոն Զուրաբյանը ամեն անգամ իր ներկայացրած կուսակցությանը դնում է նման անհեթեթ վւճակներում, ողբերգությունն այն է, որ նա ներկայանում է որպես Հայաստանի խորհրդարանի պատգամավոր: Որովհետև եթե նա պատգամավոր չլիներ, նախ՝ հնարավորություն չէր ունենա հանդիպել այդ մարդկանց, իսկ եթե նման մտքեր էլ արտահայտեր, ապա դրանց վրա որևէ մեկը ոչ մի ուշադրություն չէր դարձնի»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան