Կարևորագույն քաղաքական խնդիրը թոք-շոուի ձևաչափում ներկայացնելը լավ նախաձեռնություն է. «Ժողովուրդ»
Այսօրվանից կմեկնարկի սահմանադրական փոփոխությունների այո-ի և ոչ-ի քարոզարշավին նվիրված հեռուստատեսային «ռեալիթի շոուն»: «Արմնյուզ» և «Ա1+» հեռուստաընկերությունների ուղիղ եթերով կհեռարձակեն սահմանադրական փոփոխությունների դեմ և կողմ տեսակետները ներկայացնող քաղաքական գործիչների ու քաղաքացիական ակտիվիստների քարոզչությունը: Այս նպատակով ստեղծված խմբերը երեկվանից մեկնել են մարզեր, որտեղ 20 օր շարունակ նրանք պետք է քարոզչություն իրականացնեն: Ուղիղ եթերը լինելու է 12-14 ժամ, գիշերային ժամերին կլինի այդ օրվա կրկնությունը:
«Այս նախագիծը Հայաստանի հեռուստաեթերում նորամուծություն է: Իհարկե, կարևորագույն քաղաքական խնդիրը նման ձևով հանրությանը ներկայացնելն ինքնին լավ նախաձեռնություն է, սակայն, ինչպես միշտ, այս անգամ էլ լավ գաղափարը կիսատության շղարշով է պատվել: Իսկ պատճառն այն է, որ հատկապես ոչ-ի ճակատը ներկայացնող հիմնական քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն համաձայնել այդ նախագծին մասնակցել»,-մեկնաբանել է «Ժողովուրդ»-ը:
Այսպես՝ Հայաստանի հյուսիսային մարզերում քարոզչություն կիրականացնեն՝ այո-ի «թիմից» ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյանը: Իսկ ոչ-ի խմբում են «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Վարդան Խաչատրյանը, «Հայազն»-ից Արմեն Մկրտչյանը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Նարեկ Այվազյանը: Հարավային մարզերում քարոզչություն կիրականացնեն այո-ից ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Վարդան Այվազյանն ու Կարինե Աճեմյանը, Սերժ Սարգսյանի մամուլի նախկին խոսնակ Արման Սաղաթելյանը: Ոչ-ի խմբում կլինեն ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, Թամարա Գևորգյանը, Ազատ Արշակյանը և քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան