Իրանցի փորձագետ. Իրան-Ադրբեջան լարված հարաբերությունները մեղմելուն ուղղված Ռոհանիի քաղաքականությունը ձախողվում է
«Հակաիրանական խմբավորումներն այս կամ այն կերպ առնչություն ունեն Ադրբեջանի իշխանությունների հետ»,-այդ մասին իրանական «Ղաֆղազ.իր» կայքում թողարկված հոդվածում նշում է իրանցի փորձագետ Ալի Հեյդարին:
Նշենք, որ Իրանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող հումորային հաղորդումներից մեկի ժամանակ ատրպատականցիների արժանապատվությունը վիրավորող դրվագներ են եղել, ինչն էլ հարուցել է Թավրիզի և Ուրմիայի թյուրքալեզու բնակչության զայրույթը՝ հանգեցնելով բողոքի ցույցերի:
Իրանցի փորձագետը, անդրադառնալով Իրանի թյուրքախոս քաղաքներում վերջին օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերի վերաբերյալ Ադրբեջանից եկած արձագանքներին, մասնավորապես նշում է. «Այս միջադեպը բավական էր, որպեսզի Ադրբեջանում առկա հակաիրանական խմբավորումներն ու նրանց ենթակայությամբ գործող կայքերը կրկին սկսեին միջամտել Իրանի ներքին գործերին և վիրավորեին իրանցի պաշտոնյաներին: Մասնավորապես հակաիրանական դիրքորոշում ունեցող «Ադրբեջանի ազգային վերածնունդ կուսակցության» ղեկավար և խորհրդարանի պատգամավոր Ֆարաջ Գուլիևը հայտարարել է, որ ատրպատականցիներին վիրավորելու գործընթացն ուղորդվում է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից»:
Շարունակելով միտքը՝ Ալի Հեյդարին հավելում է. «Վստահաբար կարող ենք նշել, որ պաշտոնական Թեհրանի կողմից բողոք ներկայացնելու դեպքում, ինչպես նախորդ անգամներում է եղել, այս անգամ ևս Բաքուն կհայտարարի, թե այդ հակաիրանական խմբավորումներն իրենց հետ կապ չունեն, սակայն ակնհայտ է, որ վերջիններս այս կամ այն կերպ առնչություն ունեն Ադրբեջանի իշխանությունների հետ»:
Անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերությունների հեռանկարին՝ իրանցի փորձագետը հավելում է. «Վերջերս Իրանը հայտարարեց, որ Կասպից ծովում գտնվող «Սարդար Ջանգյալ» նավթի հանքավայրում շարունակելու է արդյունահանման գործընթացը, պետք է նշել, որ Ադրբեջանն այդ հանքավայրի հետ կապված ևս սեփականության պահանջներ ունի: Այսպիսով՝ հաշվի առնելով վերոնշյալ փաստերը՝ կարող ենք ենթադրել, որ Իրան-Ադրբեջան հարաբերություններում առկա լարվածությունը մեղմացնելուն ուղղված Հասան Ռոհանիի կառավարության որդեգրած քաղաքականությունը կկանգնի լուրջ մարտահրավերների առջև»:
Թեմայի առնչությամբ նախորդ հրապարակումը՝
Իրանական կայք. Իրանի «35 միլիոն ադրբեջանցիներից» քանի՞ հոգի մասնակցեց բողոքի ցույցերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան