ՀԱԿ-ը 245 տեղամասերի հանձնաժողովներում թափուր է թողել առանցքային պաշտոններ
Հայ Ազգային կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունները, որոնք որպես խորհրդարանական խմբակցություններ, իրավասու են հանրաքվեի ժամանակ տեղամասային հանձնաժողովներում ունենալ մեկ-ական անդամներ, թերացել են. 100-ից ավելի ընտրատեղամասերում նրանց տեղերը թափուր են, հետևաբար ընտրական գործընթացի նկատմամբ նրանց կողմից պարբերաբար թմբկահարվող պարտադիր վերահսկողության մասին հայտարարությունները` սին:
Մասնավորապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրերս հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել հանրաքվեի բոլոր 1997 տեղամասային հանձնաժողովներում: Մինչդեռ, «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակումներ չեն կատարվել 118 տեղամասային հանձնաժողովներում, իսկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից` 245 տեղամասային հանձնաժողովներում:
Panorama.am-ի հարցմանն ի պատասխան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տրամադրել է տվյալներ, որոնց համաձայն, Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը մասնավորապես, հանձնաժողովի անդամներ չի ունենալու Երևանի 43 ընտրատեղամասերում, որոնցից միայն 3-ը հանձնաժողովի քարտուղարներ են: Իսկ այ օրինակ 6 համայնքների` Ալագյազ, Վերին Սասունիկ, Գառնահովիտ, Կանչ, Կարմրաշեն, Գողթ ընտրատեղամասում ՀԱԿ-ը չի ունենա հանձնաժողովի նախագահ:
245 ընտրատեղամասերից 21-ում ՀԱԿ-ը չի նշանակել հանձնաժողովի քարտուղար: Այս կուսակցությունը հանձնաժողովի անդամներ չի ունենա նաև մյուս մարզերում ու հատկապես Սյունիքի մարզի ընտրատեղամասերում (20-ից ավելի անդամ):
Ինչու հատկապես Սյունիքի մարզում, որովհետև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բազմիցս է հայտարարել, որ «կեղծիքների ծանրության կենտրոնը կլինի Սյունիքի մարզը, որտեղ կլինեն բազմակի քվեարկության, բանակի օգտագործման դեպքեր և տեղամասերում ուղղակի կեղծումների հիմնական կշիռը կընկնի Սյունիքի վրա»: Այսինքն` «կեղծիքների ծանրության կենտրոնում» ՀԱԿ-ը չունի վերահսկողության լծակ:
Մինչդեռ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԿ-ՀԺԿ «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը նախ ասել էր, թե իրենք խնդիրներ չունեն` կան ռեսուրսներ և ներկայացված կլինեն բոլոր 1997 ընտրատեղամասերում, հետո երբ հանձնաժողովում իրենց ներկայացուցիչները չէին վերապատրաստվել և կանգնել էին փաստի առաջ, դարձյալ մեզ հետ զրույցում ասել էր, որ իրենք ընդդիմություն են և իրենց կողմնակիցները արտագաղթել են:
Նույն տխուր պատկերն է նաև «Ժառանգություն» կուսակցությունում. Այստեղ ընդհանուր առմամբ անդամներ չեն նշանակել հանրապետության 118 հանձնաժողովներում, որոնցից 35-ը Երևանում, իսկ մնացածը բոլոր մարզերում: 9 հանձնաժողովում «Ժառանգությունը» քարտուղար չունի:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Panorama.am-ին ասել էր, որ իրենք մարդկային ռեսուրսի հետ կապված ունեն խնդիրներ և չեն կարող բոլոր տեղամասերում թեկնածուներ ունենալ:
Նշենք, որ ըստ հայաստանյան օրենսդրության, հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների անդամների թափուր տեղերը սահմանված կարգով և ժամկետներում կլրացվեն հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովների նախագահների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները