
Հայաստանն ու Արցախը եվրոպական քաղաքակրթության առաջապահ դիրքեր ունեն. Պետրոս Թերզյան
Փարիզի քաղաքապետարանում նախօրեին քաղաքապետ Անն Իդալգոյի հովանու ներքո «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինն անց է կացրել Հեռախոսամարաթոն 2015-ի բացման ճաշկերույթը: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Երեկոյին ներկա են եղել Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոն, աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը, Օ-դը-Սեն նահանգի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, դեսպաններ, պատգամավորներ, քաղաքագետներ, առաջատար լրատվամիջոցների ղեկավարներ, մշակույթի գործիչներ, բարերարներ:
«Փարիզի քաղաքապետի հրավերով անցկացված այս ընթրիքը մեծ պատիվ է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և նրա բազմահազար նվիրատուների համար: Եվրոպայում հետզհետե տարածվում է այն հասկացությունը, որ Հայաստանն ու Արցախը եվրոպական քաղաքակրթության առաջապահ դիրքեր ունեն, և պետք է զորավիգ լինել նրանց»,-նշում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:
Նոյեմբերի 18-ից 22-ը կկայանա համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որի կնքամայրն ու կնքահայրն են Անն Իդալգոն ևՊատրիկ Դևեջյանը: Դրամահավաքի ողջ հասույթը կուղղվի Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանն ու ընդլայնմանը, Սիրիայի և Իրաքի հայ ապաստանյալների օգնությանը: