Ահաբեկչությունների շարք Փարիզում
Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունից, ըստ տարբեր աղբյուրների, զոհվել են 120-ից 153 մարդ: Միջազգային առաջատար լրատվամիջոցների փոխանցմամբ, պայթյունների շարքը, որը տարբեր տվյալներով եղել է յոթ անգամ, որոտացել է Փարիզի կենտրոնում ու արվարձաններում միաժամանակ: Stade de France ֆուտբոլային մարզադաշտի մոտ, որտեղ Ֆրանսիա-Գերմանիա խաղի ժամանակ ներկա է եղել նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը, երեք պայթյուն է եղել. 2-ը կազմակերպել են մահապարտ ահաբեկիչները, իսկ մյուսը ռումբն է պայթել:
Պայթյուններից հետո հայտարարվել էր, որ նախագահը անվտանգ է: Փարիզյան Le Petit Cambodge սրճարանում, որը ուրբաթ օրերին մարդաշատ է լինում, կրակահերթ է արձակվել:
Այնուհետև ահաբեկիչները ներխուժել են «Բատակլան» թատրոն, որում կարող է տեղավորվել 1,500-ից ավելի մարդ, սրահը լի է եղել: Ահաբեկիչները պատանդ են վերցրել մարդկանց, ովքեր եկել էին դիտելու ամերիկյան Eagles of Death Metal ռոք խմբի համերգը:
CNN-ի փոխանցմամբ, ահաբեկիչներն այստեղ առանձնակի դաժանություն են ցուցաբերել. վերցրել են 100-ից ավելի պատանդ ու մեկ առ մեկ սպանել: Թատրոնին մոտեցել է նաև նախագահ Օլանդը. նա ասել է, որ երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվում և հետո փակվել են երկիր մուտքի ճանապարհները:
Ոստիկանությունը ուշ երեկոյան որոշել է պատանդների ազատման օպերացիա իրականացնել և գրոհ է կազմակերպել: Ոստիկաններին հաջողվել է սպանել երեք ահաբեկչի, բայց միայն թատրոնում շուրջ 100 մարդ է մահացել:
Ընդհանուր առմամբ, 7 ահաբեկիչ է սպանվել՝ 4-ը «Բատակլան» թատրոնում և ևս երեքը մարզադաշտի մոտ, իսկ մյուս երկու ահաբեկիչներն էլ եղել են մահապարտներ:
Ֆրանսիայում այս ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իսլամական պետությունը՝ հայտարարելով, որ կատարվածը «վրեժ է Սիրիայի համար: Սա սեպտեմբերի 11 է Ֆրանսիայի համար»:
Հիշեցնենք՝ նույն ձեռագրով ահաբեկչություն էին կազմակերպել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, Նյու Յորքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան