Մուսալեռցի Այնթափյան. Կանայք, երեխաներն ու ծերերը պարտության դեպքում խեղդամահ էին լինելու Միջերկրական ծովում
Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առթիվ Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի «Մուսա լեռան հերոսամարտի և մուսալեռցիների ազգագրության թանգարան» մասնաճյուղում բացվեց նոր ցուցադրություն՝ «Մուսա լեռան հերոսամարտը» խորագրով: Առաջին անգամ ցուցադրվում են նյութեր՝ արխիային փաստաթղթեր, լուսանկարներ, որոնք ավելի ամբողջական պատկերացում են տալիս հերոսամարտի մասին: Լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի գիտական գծով տնօրեն Սվետլանա Պողոսյանը:
Նոր ցուցադրության հիմնական նպատակն է հանրությանը ներկայացնել մուսալեռցիների հերոսական պայքարը, հավերժացնել հերոսամարտում զոհված մուսալեռցիների հիշատակը և սերունդներին դաստիարակել Մուսա լեռան հերոսների ոգով: Ցուցահանդեսը ներկայացվել է դիզայներական նոր լուծումներով՝ Մուսա լեռան և ծովեզերքի եռաչափ անիմացիայով:
Ս.Պողոսյանն ասաց, որ իրենց ունեցած նյութերի փոքր մասն է ներկայացված ցուցահանդեսում: Մյուս ցուցանմուշները, ըստ նրա, կներկայացվեն այլ ցուցահանդեսների ժամանակ:
Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան էր ժամանել մուսալեռցի Թոմ Այնթափյանը. «Տատս մանրամասն պատմել է Մուսա լեռան վրա անցկացրած օրերի, հերոսական սխրանքի մասին: Մերոնք ֆրանսաիական «ԳԻՇԵՆ» ռազմանավի ծովակալ Բրիսոնին ուղղված նամակում խնդրում են կանանց, երեխաներին ու ծերերին տեղափոխել ապահով վայր, իսկ իրենց զենք տրամադրել՝ լեռը պաշտպանելու համար: Երբ լուրն հասնում է ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեին, նա զգում է վտանգն ու որոշում է կայացնում տեղափոխել լեռան վրա գտնվող բոլոր մուսալեռցիներին: Նա իր անձնական պատասխանատվությամբ որոշեց տեղափոխել հայ ժողովրդին:
Տատս պատմում էր, որ մարտերից մեկը շատ թեժ էր: Կանայք, երեխաներն ու ծերերը բարձունքից իջել էին Միջերկրական ծովի ափ, պարտության պարագայում խեղդամահ պետք է լինեին: Սակայն վերջին պահին իրենց տեղեկացնում են, որ թշնամին հետ է քաշվել»:
Թոմ Այնթափյանը նաև պատմեց, որ Ֆրանսիայի հարավ-արևմտյան շրջաններից մեկում գտել են ծովակալ Դյու Ֆուրնեի գերեզմանը. «Գիտեի, որ նա ժառանգներ չունի: Մենք գտանք նրա գերեզմանը, որը մամռակալած էր, երկար տարիներ լքված: 2010 թվականին մեծ միջոցառում արեցինք՝ ի նշան հայ ժողովրդի երախտագիտության»:
ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1915 թ. (armeniansgenocide.am)
Սվեդիայի (Սուեդիա) հայերի ինքնապաշտպանական կռիվները Մուսա լեռան վրա (Հալեպի նահանգի Անտիոք գավառում՝ Սվեդիա գյուղաքաղաքի մոտ): Լեռան շուրջը կային 6 հայկական գյուղեր՝ Քեբուսիե, Վագըֆ, Խդրբեկ, Յողունօլուք, Հաջի Հաբիբլի, Բիթիաս, որոնց բնակիչներն (ավելի քան 6 հազար) զբաղվում էին երկրագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ, ունեին իրենց դպրոցները, եկեղեցիները: Գյուղախմբի հայությունը կղզիացած էր և գրեթե կապ չուներ մյուս հայաբնակ շրջանների հետ :
1915 թ. գարնանը թուրքական իշխանությունները սկսեցին Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Սվեդիայի հայերին շուտով հայտնի դարձավ, որ սկսվել է հարևան գավառների հայության տեղահանությունը: Հուլիսի 29-ին Յողունօլուքում տեղի ունեցավ 6 հայկական գյուղերի ներկայացուցիչների խորհրդակցություն, որտեղ որոշեցին դիմել ինքնապաշտպանության և այն կազմակերպել Մուսա լեռան վրա: Դժբախտաբար բոլորը չէ, որ ենթարկվեցից որոշմանը: Մի խումբ հոգևորականներ և ունևորներ փորձում էին համոզել, թե փրկությունը միայն հպատակության մեջ է: Բայց հուլիսի 30-ին հայերին հրամայվեց թողնել իրենց բնակավայրերն ու գաղթել: Բնակիչների մի մասը ենթարկվեց թուրքերի հրամանին և բռնեց գաղթի ճանապարհը (նրանց մեծ մասը զոհվեց), մնացածը՝ մոտ 5 հազար հոգի զենքի դիմեց, բարձրացավ Մուսա լեռը, որը վերածվեց ռազմական ճամբարի: Ստեղծվեց հատուկ զինվորական մարմին՝ Ե. Յաղուբյանի ղեկավարությամբ: Կարևոր դեր էին կատարում նաև Պետրոս Տմլաքյանը, Պետրոս Թութագլյանը, Տիգրան Անդրեասյանը և ուրիշներ: Լեռ բարձրացողների մեծ մասը կանայք ու երեխաներ էին, որոնց համար շտապ խփվեցին վրաններ, շինվեցին հյուղակներ ու խրճիթներ: Հատուկ ուշադրություն դարձվեց դիրքերի ու պատնեշների կառուցմանը: Ռազմիկները ընդամենը 600-ն էին՝ սահմանափակ թվով զենքով ու փամփուշտներով: Լեռան պաշտպանությունը բաժանվեց 4 շրջանի, որտեղ ամրացան մարտական ջոկատները: Օգոստոսի 7-ին թշնամին սկսեց իր առաջին հարձակումը, բայց հանդիպեց համառ դիմադրության և 6-ժամյա մարտերից հետո, կորուստներ տալով, նահանջեց դեպի ելման դիրքերը: Օգոստոսի 10-ին թշնամին նորից հարձակվեց 5 հազարանոց զորքով՝ թնդանոթների ուղեկցությամբ:
Դրությունը բավականին ծանր էր, բայց հայ մարտիկները, համառ մարտեր մղելով, 12-ժամյա ճակատամարտից հետո հետ մղեցին թշնամուն՝ պատճառելով նրան ծանր կորուստներ: Մարտերում աչքի ընկան մարտիկներ Հակոբ Ղարագյոզյանը, Սարգիս Գապաղյանը և ուրիշներ: Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկեց ավելի խոշոր հարձակում 9 հազարանոց կանոնավոր խմբով ու հրոսակախմբերով: Մարտերը շարունակվեցի 2 օր անընդմեջ: Թուրքերը մի քանի կետերում ճեղքեցին հայերի պաշտպանության գիծը, բայց հաջողության չհասան, տալով մեծ կորուստներ (ավելի քան 1000 սպանված)՝ նահանջեցին: Հայերն այս անգամ վերցրին բավականաչափ ռազմավար: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ թուրքերը միառժամանակ հրաժարվեցին նոր հարձակումից և որոշեցին լեռը պաշարելով սովամահ անել հայերին: Նրանք այդտեղ կենտրոնացրին 15 հազար զորք: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ: Վերջանում էին պարենն ու ռազմամթերքը: Պետք էր օգնության դիմել: Ինքնապաշտպանության ղեկավարները հույս ունեին օգնություն ստանալ ծովից, ուր կարող էին երևալ դաշնակիցների մարտանավերը: Որպես ազդանշան լեռան ծովահայաց եզրին բարձրացվեցին սավաններից պատրաստված 2 դրոշակներ, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և գրված «քրիստոնյաները վտանգի մեջ են»: Դրանց շուրջը վառվում էին խարույկներ՝ անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար: Բացի այդ, դաշնակիցների մարտանավ նկատելու դեպքում պաշտպաններից մեկը (Մովսես Գըրքյան) պետք է լողար դեպի նավը և իր հետ տաներ նախօրոք պատրաստված թիթեղե տուփի մեջ դրված հատուկ դիմում-աղերսագիր(անգլ.): Սակայն երկար ժամանակ հորիզոնում մարտանավ չէր երևում, իսկ թուրքերը բազմիցս դիմում էին հայերին՝ անձնատուր լինելու առաջարկով: Մուսալեռցիները վճռականորեն մերժեցին նրանց բոլոր վերջնագրերը և, պահելով իրենց դիրքերը, շարունակեցին փրկության նոր ուղիներ որոնել: Մի քանի մարդ ուղարկվեցի Հալեպ ու Ալեքսանդրետ՝ դաշնակիցների հետ կապվելու հույսով, սակայն՝ ապարդյուն: Վերջապես սեպտեմբերի 5-ին ծովում երևաց «Կիշեն» ֆրանսիական ռազմանավը, որը մակույկ ուղարկեց ափ և վերցրեց ժամապահներին: Իմանալով հայերի դրության մասին ռազմանավի հրամանատարությունը հրաման արձակեց հրետակոծել թուրքական դիրքերը և հեռացավ հայերին օգնություն հասցնելու խոստումով:
Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարությունը հայերից պահանջեց անձնատուր լինել՝ հակառակ դեպքում սպառնում էր անցնել հարձակման և բոլորին կոտորել: Մուսալեռցիները դեռ չէին հասցրել պատասխանել, երբ թնդացին թուրքական հրանոթները և սկսվեց մի նոր արյունալի գոտեմարտ: Մուսալեռցիներն անցան հակահարձակման և ջախջախիչ հարված տվին թուրքական առաջապահ զորքերին, իսկ մնացածները խուճապահար նահանջեցին: Սեպտեմբերի 10-ին երևացին ֆրանսիական 2 ռազմանավեր և սկսեցին գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացվեց, որ ֆրանսիական կառավարությունը որոշել է նրանց փոխադրել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13-15-ը հերոս պաշտպանները (շուրջ 4 հազար մարդ) փոխադրվեցին ֆրանս. «Ժաննա դ՛Արկ» ու այլ նավեր ու շարժվեցին Պորտ Սաիդ , ուր նրանց օգնության հասան եգիպտահայերը:
Մուսա լեռան հերոսամարտը հայ ազգային-ազատագրական շարժման փայլուն դրվագներից է: Հերոսամարտն իր գեղարվեստական արտացոլումն է գտել Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում, որը թարգմանվել է շատ լեզուներով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ, ներգաղթելով Հայաստան, հիմնեցին Մուսալեռ ավանը (Էջմիածնի շրջանում), որտեղ հուշարձան է կանգնեցված ի պատիվ Մուսա լեռան պաշտպանների:
Հարակից հրապարակումներ`
- Մենք մշտապես կարողացել ենք փոքր ուժերով խելացի պաշտպանության իրականացնել. Ս.Օհանյան
- Նախագահը մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին
- ՀՀ նախագահ. Մուսա Լեռան հերոսամարտում անգնահատելի ավանդ ունեն ֆրանսիացի մեր եղբայրները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան