Բա որ էդ միամանդատ պառլամենտը թայֆաբազությա՞ն վերածվի.
««Ոչ»-ի կողմնակիցները պնդում են, թե մեզ պետք է ուժեղ նախագահ, բայց Սահմանադրության փոփոխությունների նախագծով ուժեղ նախագահ չի լինում, որովհետև ուժեղ նախագահ կարող է լինել միայն այն դեպքում, եթե պառլամենտում ինքն ունի մեծամասնություն», -այսօր «Այո և Ոչ» հեռուստատեսային շոուի շրջանակներում Քաջարանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավար, «Այո»-ն քարոզող խմբի անդամ Հրայր Թովմասյանը:
Գործող Սահմանադրությամբ, ըստ Թովմասյանի, հաղթողն ստանում է ամեն ինչ, չեն լինելու քաղաքական կուսակցություններ, իսկ ընդդիմությունը թույլ է քաղաքական գործընթացների վրա ազդելու համար:
«Ունենալ հավասարակշռված, կայուն քաղաքական համակարգ, ունենալ վերահսկվող իշխանություն», -համառոտ այսպես ձևակերպեց Թովմասյանը նախագծով առաջարկվողը:
«Ոչ»- խմբից Թովմասյանին հակադարձեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը. աշխարհում կա 193 պետություն, 123-ը նախագահական է, 70-ը պառլամենտական է, բայց ոչ էն պառլամենտական տարբերակը, որը մեզ մոտ առաջարկվում է:
«Մենք ասում ենք` կազմակերպեք առաջնային մանդատ ունեցող երկու մարմին` նախագահ պառլամենտ: Բայց հիմա առաջարկվում է` դուք նախագահ եք ընտրում, իրենք վարչապետ: Նրանք իրար հետ վեճ կունենան, որը պետք է սահմանադրորեն կարգավորել: Բայց հիմա դուք հանում եք նախագահի ինստիտուտը, կլինի միայն պառլամենտ: Բա որ էդ միամանդատ պառլամենտը թայֆաբազությա՞ն վերածվի, բայց չէ՞ որ այդ պատասխանատվությունը չի կարող կոլեկտիվ լինել: Երկրում պետք է մի հոգի պատասխանատու լինի և ժողովրդավարապես ընտրված: Ինչից ենք վախենում: Հիմա էսօրվա մի թերություն ասեք, որի համար մենք գնում ենք այս նոր համակարգին, ինչի՞: Ինչն էր ձեզ խանգարում լավ աշխատել», -հայտարարեց Բագրատյանը:
Հրայր Թովմասյանը, դիմելով հավաքված մարդկանց, հորդորեց ուշադիր լինել` Բագրատյանի թվարկած նախագահական համակարգ ունեցող երկրները աֆրիկյան բոլոր երկրները, նախագահական են Եգիպտոսը, Թունիսը, Սիրիան, Լիբիան:
Վարդան Այվազյանը նկատեց, որ հիմա կուսակցությունները Հայաստանում կայացած չեն ու խորհրդարան մտնելու համար որևէ կուսակցություն 50 տոկոս և ավելի ձայն չի ստացել և մեծամասնությունն այժմ մեծամասնություն է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հաշվին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան