Խաղաղ բնակիչների վրա հարձակում գործածները վախկոտներ են. Սերժ Թանկյան
Ամերիկահայ ռոք երգիչ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում անդրադարձել է նոյեմբերի 13-ին Լիբանանում, այնուհետև Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններին ու գրել.
«Մեր սերն ու աղոթքներն ուղղված են բոլոր նրանց, ովքեր տուժել են Փարիզի և Լիբանանի սարսափելի հարձակումներից: Նրանք, ովքեր հարձակվում են համերգասրահների, ռեստորանների, սրճարանների, շուկաների և պաշտամունքի վայրերի վրա` սպանելու անմեղ, խաղաղ բնակիչների, վախկոտներ են: Փարիզի մեր երկրպագուներն աշխարհում լավագույնններից են, չեմ կարողանում դադարել մտածել բոլոր նրանց մասին, ովքեր մասնակցել են Eagles of Death Metal շոուին»:
Հիշեցնենք` նոյեմբերի 13-ի գիշերը Ֆրանսիայում պայթյունների շարք էր տեղի ունեցել, որոնցից մեկը` Stade de France մարզադաշտի մոտ, որտեղ Ֆրանսիա-Գերմանիա խաղն էր ընթանում և որին ներկա էին Ֆրանսիայի նախագահ Օլանդն ու բարձրաստիճան պաշտոնյաներ: Պայթյուններ էին որոտացել նաև, «Բատակլան» թատրոնում, որտեղ ընթանում էր ամերիկյան Eagles of Death Metal ռոք խմբի համերգը: Այստեղ վերցվել էին 100-ից ավելի պատանդներ, իսկ փարիզյան կենտրոնական Le Petit Cambodge սրճարանում էլ կրակահերթ էր արձակել: Տարբեր տվյալներով, ահաբեկչությունների հետևանքով մահացել էին շուրջ 150 մարդիկ:
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել Իսլամական պետությունը՝ հայտարարելով, որ կատարվածը «վրեժ է Սիրիայի համար: Սա սեպտեմբերի 11 է Ֆրանսիայի համար»: Ընդհանուր առմամբ, սպանվել է 7 ահաբեկիչ, իսկ մյուս երկուսը եղել էին մահապարտներ:
Հարակից հրապարակումներ`
- Ֆեյսբուքը Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբ հատուկ գործառույթ է ավելացրել
- Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Նախագահին
- Ֆրանսիայի նախագահը հրաժարվել է մասնակցել G20-ի գագաթաժողովին
- Ահաբեկչությունների շարք Փարիզում