Արաբագետ. Եվրոպան վճարում է Մերձավոր Արևելքում իր անդեմ քաղաքականության համար
Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչական գործողություններն ուղղված էին Ֆրանսիա պետության և առհասարակ միջազգային ողջ հանրության դեմ:
«Սրանք հետևանք են այն անդեմ քաղաքականության, որ առնվազն վերջին շուրջ հինգ տարիների ընթացքում վարում է Արևմուտքը Մերձավոր Արևելքում՝ կապված սիրիական հակամարտության, Իսլամական պետության դեմ պայքարի և այլնի հետ»,-Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններին, նման գնահատական տվեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Նա կարծիք հայտնեց, որ այս տարվա սկզբին Ֆրանսիայում տեղի ունեցած մի շարք ահաբեկչական գրծողություններից հետո այդ երկրի հատուկ ծառայությունները պետք է շատ ավելի զգոն լինեին:
«Նման կազմակերպված ահաբեկչական գործողություն Եվրոպայում վերջին տասը տարիների ընթացքում չէր եղել: Գրագետ կազմակերպված 6-7 գործողություն: Կարելի է հստակ նշել, որ այս ահաբեկչությունը վերջինը չի լինելու»,-ասաց արաբագետը:
Ա. Պետրոսյանի խոսքով, այս պարագայում այնքան էլ էական չէ պարզել, թե որ կառույցն է ահաբեկչությունների հետևում կանգնած, առավել կարևոր է այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները բերեցին ողջ աշխարհում ահաբեկչական գործողությունների, ծայրահեղականների թվի աճին:
Հարցին, թե ի՞նչ քայլեր կհետևեն ահաբեկչություններին, Ա. Պետրոսյանը պատասխանեց, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն հայտարարել է երկրի սահմանները փակելու և երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին:
«Այս քաղաքականությունը ընդհանրական կարող է լինել բոլոր այն եվրոպական պետությունների համար, որոնք այսօր ընդունել են Սիրիայից եկած միգրանտներին»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը, հույս հայտնելով, որ հասկանալով սպառանլիքը, Եվրոպայի պայքարը Իսլամական պետության դեմ ավելի առարկայական կդառնա:
Ի դեպ, արաբագետը «դավադրությունների տեսության» սկզբունքով նկատեց, չի բացառվում, որ ահաբեկչությունները կարող են լինել եվրոպական ազգայնական տարրերի ձեռքի գործը:
«Սլաքն ուղղված էր դեպի իսլամական ահաբեկչական տարրերին, նպատակն այն էր, որ Եվրոպան վերանայի իր քաղաքականությունը Մերձավոր Արևելքից դեպի Արևմուտք շարժվող միգրանտների նկատմամբ»: