ԱԺ-ն մերժեց Էդմոն Մարուքյանի և ՕԵԿ-ի նախագծերը
Ազգային ժողովն այսօր դեմ քվեարկեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթը նիստերի օրակարգ ընդգրկելու առաջարկին:
Պատգամավորն առաջարկում էր, որ արտադատական կարգով մարդկանց հաշիվների վրա կալանքներ չդրվեն, և այդ հարցը միայն դատարանի որոշմամբ կարգավորվի:
Ազգային ժողովը դեմ քվեարկեց նաև ՕԵԿ խմբակցության պատգամավորների հեղինակած ճանապարհային խախտումների վերաբերյալ օրինագիծը նիստերի օրակարգ ներառելու հարցին:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ պետք է հստակ ավանդույթ սահմանել, քանի որ ոչինչ չի պատահի, եթե օրակարգ ներառեն նախագիծը, քննարկեն, հետո յուրաքանչյուր քաղաքական ուժ իր հստակ դիրքորոշումը արտահայտի:
«Չեմ կարծում, որ ինտերակտիվ կերպով մերժելը ընտրված լավագույն ճանապարհն է: ԲՀԿ-ն բոլոր այն նախագծերին, որոնք արժանի են քննարկման խորհրդարանում, կողմ է քվեարկելու»,- նշեց նա:
Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ այնպիսի տպավորություն է, որ իրենք կառավարության նախագծերն ընդունող Ազգային ժողով են. «Այսինքն՝ պատգամավորական սոլիդարություն չկա, պատգամավորների ներկայացրած նախագծերը քննարկման չեն դրվում, անգամ նիստերի օրակարգ չեն ընդգրկվում»,- դժգոհեց Էդմոն Մարուքյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ համաձայն չէ այդ գնահատականների հետ:
«Մի ժամանակ մեզ ասում էին՝ դակիչ Ազգային ժողով, հիմա այդպես չէ»,- ասաց ԱԺ նախագահը:
Նա նաև ասաց, որ անակնկալ ունի ընդդիմության համար: Իսկ անակնալն այն էր, որ ՕԵԿ պատգամավորների հեղինակած «Սննդամթերքի անվտանգության մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու հարցը մտնում է ԱԺ նիստերի օրակարգ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան