Կիբերհանցագործներն ինձ ատում են. Եվգենի Կասպերսկի
«Համակարգչային անվտանգության մասնագետն աշխարհը չի դարձնում ավելի լավը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ծառայությունները, արտադրանքը չի դարձնում ավելի արդյունավետ, արագ: Սակայն ժամանակի ընթացքում համակագչային անվտանգության մասնագետները հայտնվեցին ուշադրության կենտրոնում, քանի որ կիբերհանցագործներ հայտնվեցին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կասպերսկի լաբորատորիա»-ի գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին, ով Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակի 2015 թվականի մրցանակակիրն է:
Նա Հայաստանում է վաղը նախագահական նստավայրում իր մրցանակը ստանալու համար:
Նրա խոսքով, համակարգչային անվտանգության մասնագետը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մաքրում է կեղտից:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն անընդհատ կեղտոտվում է կիբերհանցագործների կողմից: Մինչդեռ կիբերհանցագործություն ընդհանրապես չպետք է գոյություն ունենար»,- ասաց նա:
Ըստ Ե.Կասպերսկու, թվային տեխնոլոգիաներն արմատապես փոխել են աշխարհը, ինչպես ժամանակին էլեկտրականությունը, տրանսպորտը:
«Թվային տեխնոլոգիաները բացի փոփոխություններից, նաև լուրջ խնդիրներ առաջ բերեցին: Համակարգչային տեխնոլոգիաներն ստեղծվեցին աշխարհն ավելի լավը դարձնելու համար, ցավոք, դրանք ի սկզբանե չմշակվեցին բավականին անվտանգ:
Հարյուր հազարավոր կիբերհանցագործներ կան աշխարհի բոլոր երկրներում, որոնք անընդհատ հարձակումներ են հորինում, փչացնում մեր բոլորի կյանքը: Այդ պատճառով իմ մասնագիտությունն այսօր հայտնվել է ուշադրության կենտրոնում»,- ասաց նա՝ հավելելով, որ, իհարկե, հաճելի է գտնվել ուշադրության կենտրոնում, սակայն մյուս կողմից հասկանալի է, որ ուշադրության կենտրոնում է, քանի որ այս աշխարհում ի սկզբանե մի բան այնպես չի արվել:
Ըստ Կասպերսկու, համակարգչային տեխնոլոգիաները մշակվել են առանց լուրջ իմունիային սիստեմի, ինչը կիբերաշխարհը դարձրել է խոցելի: Այսօր, նրա խոսքով, կիբերանվտանգության մասին խոսում են տնտեսական ամենահայտնի ֆորումներում:
«Մենք ապրում ենք թվային միջնադարում: Տեխոլոգիաները կան, ամեն ինչ մեր շուրջ աշխատում է թվային տեխոլոգիաներով, բայց չգիտենք՝ ինչպես ճիշտ օգտագործել, ինչպես անել, որ դրանք լինեն անվտանգ: Ես գիտեմ, ինչպես անել, որ կիբերաշխարհն ավելի անվտանգ, պաշտպանված լինի: Դա է իմ կյանքի նպատակը՝ ինչպես թվային միջնադարից մեզ հանել թվային պոստինդուստրիալ ժամանակաշրջան»,- ասաց Ե.Կասպերսկին:
Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն կարծիքը, որ դուք աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից եք, նա ասաց. «Ես ոչ միայն ծրագրեր եմ ստեղծում, որոնք պաշտպանում են մեր համակարգիչները, հեռախոսները, նաև աշխատում եմ, օգնում եմ իրավապահ մարմիններին՝ փնտրել, գտնել կիբերհանցագործներին: Հաճախ այնպիսի ինֆորմացիաներ ենք ունենում, որոց մասին չենք կարող բարձրաձայնել, քանի որ կվնասենք քննության ընթացքին: Սակայն գալիս է մի պահ, որ արդեն ոստիկանությունը թույլ է տալիս պատմել: Դրա համար ասում եմ՝ գիտենք ավելին, քան կարող ենք ներկայացնել: Կիբերհանցագործների համար ես ամենավտանգավոր, ամենաչար մարդկանցից եմ, իսկ նրանք, ովքեր չեն զբաղվում կիբերհանցագործությամբ, հնարավորություն եմ տալիս աշխատել առավել հանգիստ, անվտանգ, հարմարավետ, մաքուր պայմաններում: Կիբերհանցագործներն ինձ ատում են»:
Նա նաև նշեց. «Կիբերանվտանգությունը հեշտ չէ մեկնաբանել: Իրականությունն այն է, որ այն պայքար է մարդկային ուղեղի և այլ մարդկային ուղեղների միջև: Կիբերհանցագործները փնտրում են նոր տեխնոլոգիաներ՝ հարձակումներ իրականացնելու համար: Մենք ստեղծում ենք ավելի հագեցած ծրագրեր՝ պաշտպանվելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Կասպերսկի. Հաճելի է տեսնել, որ ՀՀ-ում ՏՏ ոլորտը զգալի աջակցություն է ստանում պետական մակարդակով
- ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2015 թ. մրցանակը շնորհվելու է Եվգենի Կասպերսկուն