«ԿԲ-ի նոր տեղակալի աշխատավարձը հնարավոր էր տրամադրել սոցիալապես անապահով 500 մարդու հետազոտության համար»
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի նոր տեղակալի աշխատավարձը կկազմի տարեկան կտրվածքով 25 միլիոն դրամ, ինչն ամսական կազմելու է շուրջ 2 միլիոն դրամ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ հարց ուղղելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, թե ծանր սոցիալական-տնտեսական իրավիճակում, երբ չկան բավարար միջոցներ լուծելու սոցիալական բոլոր խնդիրները, արդյոք պետք էր այս գումարը տրամադրել ԿԲ տեղակալին:
«Հնարավո՞ր է, որ այդ 25 միլիոն դրամը, որն ուղղվելու է ԿԲ նոր տեղակալի աշխատավարձի վճարմանը, տրամադրվի օնկոլոգիական հիվանդություններ, հաշմանդամություն ունեցող անձանց ու սոցիալապես անապահովների՝ թվով 500 մարդու համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության համար: Տարեկան կտրվածքով այդ գումարն այդքան մարդու կբավարարի»,- ասաց պատգամավորը:
Արթուր Ջավադյանն ասաց, որ Կենտրոնական բանկի օրենքի 14-րդ հոդվածով, որն ընդունվել է ԱԺ կողմից 1996թ-ին, սահմանվում է, որ անհրաժեշտ որակավորում ունեցող աշխատակիցներին բանկային համակարգում վարձատրության միջին չափին համապատասխան աշխատավարձ վճարվի:
«Դա նշանակում է, որ մեր աշխատավարձերը օրենքով են ֆիքսված: Լինելով Կենտրոնական բանկ, ունենք նաև տարբեր հաշիվներ, մասնավորապես, ավանդային հաշիվներ, մեր աշխատավարձերի մի մասը գնում է դրանց վրա, հետո աշխատողը ծախսում է: Միջինց ցածր տոկոսադրույք է, բայց մեր աշխատակիցներին գայթակղիչ տոկոսադրույքներից զերծ պահելու համար, հաշիվները պահում են մեզ մոտ և այստեղից ևս եկամուտներ ունեն մեր աշխատակիցները»,- ասաց Ա.Ջավադյանը:
Նրա խոսքերով՝ բանկային աշխատողների հետ համեմատ իրենց աշխատավարձերը ցածր են մի քանի անգամ: «Վստահեցնում եմ, որ 7-8 անգամ ցածր է»,- ասաց նա:
Տ.Ուրիխանյանն արձագանքեց. «Հարցը պետական միջոցների մասին է, պետական փողը պետք է տնտեսել, պետության փողերը սուղ են: Կարմիր թելի պես տանում են առողջապահության համար անհրաժեշտ առկա գումարների հարցը ու հիմա մեր ժողովուրդը լսում ու տեսնում է, թե մի հարգարժան պաշտոնյա ասում է՝ թե ինչ բիզնեսից եք խոսում, իմ բիզնեսը մեծ է, դուք ասում եք, թե աշխատավարձը համարժեք է: Երկրի նախագահից, վարչապետից ավելի բարձր աշխատավարձ ունի ձեր տեղակալը այս սովի պայմաններում, և դա հիմնավորում եք աշխատանքային պարտականություններով»:
Ա Ջավադյանն էլ նշեց, թե այդպիսին է միջազգային փորձը: