Իրականացվել է Մարտիրոս Սարյանի վաղեմի ցանկությունը
Հայտնի նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերանորոգման ժամանակ իրականացվել է Վարպետի վաղեմի ցանկությունը՝ վիտրաժ տնից դեպի արվետանոց տանող աստիճանավանդակում: Այս մասին տեղեկանում ենք տուն-թանգարանի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ 2013 թ. մայիսի 1-ից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը չի գործում. մշակութային օջախը հիմնանորոգվում է: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարել էր, որ 2016 թվականին նախատեսվում է վերաբացել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը:
Մ. Սարյանի ստեղծագործությունների ժամանակավոր թեմատիկ ցուցահանդեսները հիմնականում բացվում էին առաջին հարկում, որն հատկացված է Վարպետի գրաֆիկական աշխատանքների ցուցադրության համար: Ամեն անգամ նոր ցուցադրություն կազմակերպելիս պահանջվում էր ապամոնտաժել գրաֆիկայի մշտական ցուցադրությունը: Այժմ, երբ Մ. Սարյանի տուն-թանգարանը ունի ևս մեկ՝ չորրորդ հարկ, այս խնդիրը լուծվելու է: Բացի այդ այս նոր սրահում, որը կկոչվի Ղազարոս և Արաքսի Սարյանների անունով, մշտապես կանցկացվեն արդեն սիրված երեկոներն ու համերգները: Նախատեսվում է նաև այստեղ անցկացնել նոր կրթական ծրագրեր երեխաների և պատանիների համար:
Չորրորդ հարկ
Երրորդ հարկ
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին: Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով: Դեպի փողոց դուրս եկող ճակատամասի վերին հատվածի խճանկարը, Մ. Սարյանի էսքիզով, կատարել է հայտնի նկարիչ Գագիկ Սմբատյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնանորոգման երկրորդ փուլը ֆինանսավորվել է. Տնօրեն
- Սարյանի տուն-թանգարանը կվերաբացվի՝ «հարիր նկարչի թե անվանը, թե արվեստին»
- Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերաբացման ժամկետը հայտնի չէ