1 բացիկ=1 բնակարան. Գյումրիում այս տարի մեկ ընտանիք էլ բնակարան կունենա այս ծրագրի շնորհիվ
Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներից մեկը մինչև այս տարվա վերջ 1 բացիկ=1 բնակարան ծրագրի շնորհիվ տանիք կունենա: Ծրագրի պատասխանատու Հայկարամ Դրմեյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ թեկնածու ընտանիքների թիվը տասն է:
Նրանցից ընդամենը մեկի համար կարող են բնակարան ձեռք բերել: Թեկնածու ընտանիքներից ոչ մեկ բնակարանով ապահովման պետական որևէ ծրագրի շահառու չէ:
Ծրագիրն իրականացվում է արդեն երեք տարի: Առաջին տարում տպագրվել էր 15 հազար բացիկ: Բացիկները վաճառվում են 400 դրամով, սակայն լինում են մարդիկ, որ առանց բացիկը ձեռք բերելու գումար են նվիրաբերում: Ծրագրի իրականացման առաջին տարում հավաքվել է 12 հազար ամերիկյան դոլար, իհարկե մեծ գումար նվիրողներ էլ են եղել:
Երկրորդ տարում տպագրվել է 13 հազար բացիկ, հավաքված գումարն էլ կազմեց 11 հազար դոլար:
«Երկու ընտանիքներն էլ Գյումրիում են ապրում, ինչ-ինչ պատճառներով ցուցակագրված չեն եղել բնակարանով ապահովման որևէ ծրագրի համար»,-ասաց Դրմեյանը:
Նրա խոսքով, այս տարի տպագրվել է 10 հազար բացիկ, բոլորը տեղաբաշխված են, սակայն գումարները դեռ չեն հավաքվել:
«Տարեցտարի բնակարանների գինը նվազում է: Մենք ամեն տարի նախատեսում ենք բնակարանի բանալիները ընտանիքին հանձնենք դեկտեմբերի 7-ին, սակայն ինչ-ինչ խնդիրների պատճառով նախորդ երկու տարիներին հանձնել ենք դեկտեմբերի 20-ին»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը, ավելացնելով, որ 2-3 շաբաթից արդեն հայտնի կլինի հավաքված գումարի չափը:
Ծրագրի շրջանակում բացիկներ կարելի է ձեռք բերել ծրագրի ֆեյսբուքյան էջի միջոցով, սա ծրագրի հաշվեհամարն է՝ 23800-18006510900 /Առէկսիմբանկ/: Ծրագրի պատասխանատուն ասում է, որ աշխատում են մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների հետ՝ Լեզվաբանական համալսարանի, Ֆրանսիական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի և այլն: Ծրագրի ֆեյսբուքյան էջում մանրամասն կերպով նշվում է, թե ովքեր ու ինչ քանակությամբ բացիկներ են ձեռք բերել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան