ԵՏՄ-ն տնտեսական զարգացման լայն հնարավորությունն է տալիս Հայաստանին. Ֆինանսների նախարար
«Դժվար է այս պահին հստակ գնահատական տալ, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը ինչ է տվել Հայաստանին, սակայն կարևորն այն է, որ անդամակցել ենք մի միության, որը տնտեսական զարգացման լայն հնարավորությունն է տալիս»,- այս մասին այսօր Ազգային ժողովում ընթացող 2016 թվական պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ պատասխանելով ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին, թե ԵՏՄ-ի անդամակցությունը ինչ տվեց Հայաստանին:
Գ.Խաչատրյանի խոսքերով՝ մեր տնտեսավարողները պետք է կարողանան օգտվել այդ հնարավորություններից:
«Եթե մենք նստենք ու սպասենք, որ մեզ պատրաստի «դեղատոմս» կտան, ապա արդյունքի չենք հասնի: Ցավոք սրտի, կան բազմաթիվ արտաքին գործոններ, որոնք կանխատեսելի չէին: Կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ աշխատում ենք էկոնոմիկայի նախարարության հետ, այսինքն՝ բոլոր խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նոր ստեղծված հարաբերությունները կարգավորելու համար որոշակի գործընթաց է հարկավոր:
«Հիմա մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հասնենք այն առավելագույնին, որը մեզ հնարավորություն կտա մաքսիմալ օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հնարավորություններից և առավելություններից»,- ընդգծեց ֆինանսների նախարարը:
Պատգամավորը նաև նախարարին հարցրեց, թե շատ երկրներում, տնտեսական դժվարություններով պայմանավորված կրճատվում են պետական կառավարման ծախսերը, մինչդեռ բյուջեի այս նախագծում նա նման բան չի տեսնում. «Կառավարությունն այս ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկում»,- հետաքրքվեց Քոքոբելյանը:
Նախարարը նշեց, որ պետական կառավարման ծախսերը կրճատելու խնդիրն առկա է բոլոր կառավարությունների ժամանակ և այսօր էլ կառավարությունն անհանգստացած է: «Կառավարությունն անհանգստացած է և այս հարցով մշակվում է գործողությունների պլան: Մենք յուրաքանչյուր տարվա համար՝ 3-5 տարվա կտրվածքով պլան ենք մշակում ծախսերի օպտիմալացման համար, քանի որ ցանկացած լրացուցիչ ծախս հոգս է կառավարության համար: Սակայն այդ կրճատումները պետք է լինեն բարեփոխումների արդյունք, դրանք պետք է նպատակային լինեն»,- ընդգծեց նա: