Գալուստ Սահակյան. Ղարաբաղի օդանավակայանը ռազմական օդանավերի հարմարություններ չունի
Բակո Սահակյանը նման հայտարարություն չի արել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, ըստ որոնց Մոսկվայում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգնել Ռուսաստանին «Իսլամական պետության» դեմ պայքարում:
«Ղարաբաղի օդանավակայանում ռազմական օդանավերի հարմարություններ էլ չկան: Պարզապես ռուսական միջավայր է, այնտեղ էլ ընդդիմություն-դիմություն կա, փորձել են ինչ-որ բան քննարկելի դարձնել, ադրբեջանամետության գաղափարն են տեղադրել նրա հարցազրույցի մեջ, մերոնք էլ սկսել են այդ ճանապարհով գալ»,-ասաց ԱԺ նախագահը:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական միասնական ՀՕՊ համակարգերի ստեղծման շուրջ տարածված այն խոսակցություններին, թե Ռուսաստանը մտադիր է օգտագործել Հայաստանի օդային տարածքը՝ հարվածելու Սիրիային, Գ. Սահակյանն ասաց, որ դրա շուրջ դեռ քննարկումներ լինելու են:
«Հապշտապ գնահատականներ տալ պետք չէ»,-ասաց ԱԺ նախագահը, ավելացնելով, որ «ոտքի վրա» արձագանքելը ճիշտ չէ, յուրաքանչյուր խնդրի շուրջ պետք է լինեն խոր վերլուծություններ: