Ուսանողության ներգրավումը հակակոռուպցիոն պայքարի մեջ լրջագույն պրոբլեմ է. Աշոտյան
Կրթական համակարգում կոռուպցիոն ռիսկերն առկա են, և դրանք վտանգում են կրթության համակարգի արդյունավետ գործունեությունը՝ նախևառաջ կրթության որակի, արդյունավետության և մատչելիության տեսանկյունից: Այս մասին նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ այսօր Ծաղկաձորում մեկնարկած «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքարը» խորագրով համաժողովի ժամանակ:
Նախարարն ասել է, որ կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին հանրային պատկերացումները չափազանցված են՝ դրանց մասին ավելի շատ խոսվում է, քան դրանք կան: Հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Աշոտյանի խոսքով` կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր թիրախներից մեկն էլ բուհերի ֆինանսավորման բազմազանեցումն է, որտեղ լուրջ առաջընթաց առայժմ չկա: Մյուս խնդիրը` սովորողների բարձրագույն կրթություն ստանալու մոտիվացիան է. «Քանի դեռ կա ուսանողության մի հատված, որը շահագրգիռ է այլընտրանքային մեխանիզմներով քննություններ ստանալու հարցում, չի գնահատում գիտելիքի ստացման անհրաժեշտությունը և չի առաջնորդվում այն աքսիոմատիկ ճշմարտությամբ, որ ապագայում գիտելիքն է լինելու իր բարեկեցության հիմնաքարը, այդքան ժամանակ մենք ունենալու ենք մշտական պայքար՝ ցածր արդյունավետությամբ: Ուսանողության ներգրավումը հակակոռուպցիոն պայքարի մեջ լրջագույն պրոբլեմ է, քանզի ամենամեծ ուժը, որ կարող է օգնել առավել արագ արմատախիլ անել կոռուպցիան՝ դա նախևառաջ ուսանողությունն է: Իհարկե, նաև պետք է ընդունել, որ խնդիրը նաև օրենսդրական անկատարությունների ու վատ իմաստով ձևավորված ավանդույթների ու բուհական կառավարման մեջ է»:
Ա. Աշոտյանը նաև նշել է, որ պայքարը նաև որոշակի արդյունք է ապահովել, մասնավորապես, ըստ «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ավանդական հետազոտության տվյալների, որտեղ ներկայացվում է կոռուպցիայի մակարդակը տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, կրթության ոլորտը դուրս է մնացել «առաջատար եռյակից» և չի ներառվել երեք ամենակոռումպացված ոլորտների շարքում. «Մեզ համար վերջնական ձեռքբերումը կլինի այն, որ հասարակության կողմից ընդհանրապես կրթության ոլորտում կոռուպցիայի ռիսկեր չդիտարկվեն»:
Համաժողովին ելույթ է ունեցել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: ԵՄ դեսպանի խոսքով՝ վերջին հետազտությունները փաստել են, որ Եվրասիական տնտեսական միության երկրների շարքում կրթության ոլորտի կոռուպցիան Հայաստանում գտնվում է համեմատաբար ցածր մակարդակի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում