Երբ ասում ենք` ոչ, նշանակում է համաձայն ենք, որ ոչ մի բան չփոխվի. Արթուր Եղիազարյանը` մարալիկցուն
Այսօր «Այո և Ոչ» հեռուստաշոուի շրջանակներում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզչական խմբերը շարունակում են հանրապետության մարզերում քարոզարշավը: Այսօր Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության անդամ Արթուր Եղիազարյանը մարալիկցուն փորձում էր համոզել, որ Սահմանադրության նախագիծը երկրում շատ բան կփոխի:
«Չէ, ես էլ ասում եմ` հարգելի պրեզիդենտ, բերեք հինը օգտագործենք, մեր հինը, որ օգտագործենք, հարցերը կլուծվեն», -Եղիազարյանի հետ զրույցում ասաց Մարալիկի բնակիչը:
Դաշնակցականը հակադարձեց, որ «հին սահմանադրությունը» նախագահին մեծ լիազորություններ է տալիս, օրինակ` դատավորներ է նշանակում, ինչը Սահմանադրության նոր նախագծով կարող է անել խորհրդարանը:
«Եթե նախագահը դատավորին նշանակում է, հետո ասում է` էս հարցը սենց պետք ա լուծվի, դատավորը կգնա՞ նախագահի որոշման դեմ: Չէ, չի գնա: Այդ մենք էդպիսի արդարադատության համակարգ ունենք: Էս նոր Սահմանադրությամբ դատական համակարգը դառնում է անկախ», -ներկայացնում էր Եղիազարյանը:
Այդուհանդերձ, մարալիկցին անդրդվելի էր. «Հայաստանում մոտակա 50 տարիների ընթացքում անկախ ոչ մի բան հնարավոր չի»:
Եղիազարյանն ասաց, որ իրենք փորձում են մարդկանց մեջ վերականգնել հավատը կատարվող փոփոխությունների նկատմամբ. «Երբ ասում ենք` ոչ, նշանակում է համաձայն ենք, որ ոչ մի բան չփոխվի: Դու համաձայն ե՞ս, որ սենց մնա»:
«Այո» խմբի մյուս քարոզիչ ԱԺ Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, որը ծնունդով Շիրակի մարզից է, հայրենակիցների հետ նարդի էր խաղում: Նկատենք, որ «Ոչ»-ի խմբին Մարալիկում միացել է հրապարակախոս, ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Շիթիլը հիմա ենք տնկում, որ հետո բերքը տեսնենք»
- Բա որ էդ միամանդատ պառլամենտը թայֆաբազությա՞ն վերածվի.
- Թ.Գևորգյան. Քանի դեռ չունենք ուժեղ գաղափարական կուսակցություններ, պառլամենտական մոդելին անցնելն անիմաստ է
- Խորհրդարանական մոդելը թույլ կտա լավագույնս ապահովել երկրի անվտանգությունը. Արման Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան