«Ձեր առաջարկած սկզբունքային հարցերը լուծված են, ինչի՞ն եք դեմ». ՀՀԿ-ական
«Քայքայված տնտեսություն, փոշիացված բյուջե, կեղեքված ժողովուրդ: Պարզվեց այս բոլորի մեղավորը գործող Սահմանադրությունն է, իշխանությունը մեղք չունի, ու առաջարկվեց՝ եկեք թաղենք գործող Սահմանադրությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նա նշեց, որ թեև «Ժառանգություն»-ն իր ծրագրում ի սկզբանե ամրագրել էր, որ պետք է երկրում հաստատվի խորհրդարանական կառավարման համակարգ, բայց այժմ դեմ է այդ համակագին, քանի որ ԱԺ ձևավորման սկզբունքը շատ մութ, վտանգավոր խութ կետեր ունի:
«Իմ պատկերացմամբ, կայուն մեծամասնություն ասվածը շատ վտանգավոր է լինելու»,- ընդգծեց նա:
Ասուլիսին ներկա ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը հիշեցրեց, որ «Ժառանգություն»-ը նաև բարձրաձայնում էր համամասնական ընտրակարգին անցնելու մասին:
«Ձեր առաջարկած սկզբունքային հարցերը լուծված են, ինչի՞ն եք դեմ»,- հարցրերց ՀՀԿ-ական պատգամավորը:
Ա. Բախշյանը պատասխանեց. «Վստահության պաշարը ձեր նկատմամբ մինուս է»:
Մ. Մինասյանը նաև ասաց, որ սահմանադրական բարեփոխումները հնարավորություն կտան ընդդիմությանը շատ լծակներ ունենալ. «Նոր սահմանադրության պայմաններում մեծ է կոլեգիալ որոշումներ կայացնելու հնարավորությունը, լսելի է լինելու ոչ միայն իշխանության, այլ ընդդիմության ձայնը: Առանց ընդդիմության ձայնը լսելու, հնարավոր չի լինի որոշում կայացնել»:
Նա ընդգծեց, որ առաջարկվող կառավարման համակարգը նպաստելու է երկրի առավել արդյունավետ կառավարմանը, կառավարման համակարգին մասնակցելու են բոլորը:
Ա. Բախշյանը նշեց, որ գործող Սահմանադրությունում և առաջարկվող փոփոխությունների տարբերակում շատ դրույթներ կրկնվում են, սակայն պարզ է, որ գործող Սահմանադրության պայմաններում այդ դրույթները չեն գործել, հետևաբար չկան երաշխիքներ, որ փոփոխվելուց հետո դրանք գործելու են:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան