Օրական 700 ներգաղթյալ երեխա է ժամանում Եվրոպա.ՄԱԿ
Օրական 700 երեխա է ժամանում Եվրոպա՝ որպես ներգաղթյալ և փախստական։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ)՝ ընդգծելով, որ պաշտպանության ու աջակցության հատուկ տեսակի կարիք ունեն, մասնավորապես, նորածինները, հաշմանդամները, կորած երեխաները, ինչպես նաև դեռահասները, ովքեր փորձում են Եվրոպա հասնել առանց մեծերի ուղեկցությամբ։
Ինչպես ընդգծում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, այս տարվա ամռանից կանանց ու երեխաների թիվը մշտապես աճ է գրանցել, և այդ միտման վերջը չի երևում, չնայած մոտալուտ ձմռանը։ Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ԵՄ երկրներում ապաստան փնտրող երեխաների թիվը հասել է 214 հազարի։
Եթե հունիսին Հունաստանից Մակեդոնիայի սահմանը հատելիս գրանցված երեխաների թիվը ներգաղթյալների և փախստականների 1/10-ն էր կազմում, ապա հոկտեմբերին արդեն կազմում է 1/3-ը։ Այս տարի Շվեդիայում ապաստան է խնդրել 24 հազար երեխա, որոնք ժամանել են առանց մեծահասակների ուղեկցությամբ: