Փարիզում ներկայացվել են հայկական եկեղեցիների պատկերներով փոստային բացիկներ
Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Առաջնորդանիստ մայր տաճարում շարունակվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրությունը և գրքերի բարեգործական վաճառքը: Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից:
Ֆրանսահայ համայնքին ներկայացվել է փոստային բացիկներ, որոնց վրա պատկերված են հայկական եկեղեցիները: Բացիկները թողարկվել են 20-րդ դարասկզբին միջազգային փոստային ծառայության կողմից:
Աշխարհի տարբեր երկրներում տպագրված բացիկներում պատկերված էին Արևմտյան Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և այլ երկրների հայկական եկեղեցիները:
«Եկեղեցիների մեծ մասը չկա: Սա է ցավալի իրողությունը և ցուցադրության խորհուրդը ՝ կապված այս տարվա հետ: Դրանք ավերվել են Եղեռնի տարիներին կամ դրանից հետո թուրքական քաղաքականության հետևանքով, նպատակաուղղված ավերվել են բոլշևիկյան իշխանության օրոք: Հրաշքով պահպանված եկեղեցիների շենքերի նախնական տեսքն եք տեսնում: Դրանք այսօր փոփոխված են: Կամ վերածվել են մզկիթի, ինչպես Այնթապի եկեղեցին, կամ էլ ամբողջությամբ փոփոխված են, ինչպես օրինակ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին է: Ավաղ, այս եկեղեցիների մեծ մասը ժամանակի զոհն են դարձել», - միջոցառման բացման ժամանակ ունեցած ելույթում ասել է ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
Միջոցառման ընթացքում հնարավոր է ձեռքբերել ՀՑԹԻ հրատարակած գրքերը: Դրանց վաճառքից ստացված գումարը հատկացվելու է սիրիահայերի նպաստամատույցին: Ցուցադրությունը բաց է մինչև նոյեմբեր 22-ը:
Հիշեցենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կազմակերպում է բարեգործական դասախոսությունների և շնորհանդեսների շարք: Միջոցառումները նախատեսված են Մոսկվայում, Փրովիդենսում, Բոստոնում, Փարիզում և Բեյրութում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական հանձնախմբի հետ համատեղ նոյեմբերի վերջում «Հիշողության շաբաթ» խորագրի ներքո կազմակերպվելու են բարեգործական դասախոսություններ, շնորհանդեսներ և ցուցադրություններ: Նախաձեռնության նպատակն է հանգանակած միջոցները տրամադրել սիրիահայ համայնքին:
Լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան