Amnesty International-ը կոչ է անում ԵՄ-ին չփակել արտաքին սահմանները
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո «Amnesty international» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել Եվրամիությանը հրաժարվել արտաքին սահմանները փակելու մասին մտադրությունից, քանի որ դա, միևնույնն է, չի կարող կանխել միգրացիոն ներհոսքը դեպի Եվրոպա և ընդամնը լրացուցիչ վտանգներ կստեղծի փախստականների համար`նպաստելով մարդու իրավունքների խախտման դեպքերի ավելացմանը: Այս մասին հաղորդում է գերմանական «Deutsche Welle»-ն:
Իրավապաշտպաններն առաջարկում են փախստականների ներգաղթի համար օրինական և անվտանգ ուղիներ ստեղծել, ինչպես նաև մշակել մասնավոր և արդյունավետ գործընթացներ, որոնք թույլ կտան օգնել միգրանտներին և բացահայտել հնարավոր վտանգները:
Իրավապաշտպան կազմակերպության հայտարարության համաձայն`Եվրոպական միության երկրները շուրջ 235 կմ ձգվող արգելագոտիներ են ստեղծել ԵՄ-ի արտաքին սահմանների երկայնքով, որի պատճառով փախստականները սկսել են Եվրոպա ներթափանցել այլընտրանքային ուղիներով և ծովով, ինչը հաճախ մեծ վտանգ է ներկայացնում իրենից:
Իր հերթին ՄԱԿ-ը ևս քննադատել է ներգաղթյալների ճանապարհը դեպի Եվրոպա փակելուն ուղղված կոչերը:
«Կարելի է հասկանալ, որ երկրներըն իրավունք ունեն միջոցներ ձեռնարկել իրենց քաղաքացիներին ահաբեկչությունից պաշտպանելու համար, սակայն միաժամանակ սխալ կլինի ամբողջ ուշադրությունը կենտրոնցացնել փախստականների վրա, որոնք ինքնին փախչում են բռնությունից ու անվտանգության սպառնալիքներից»,-հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Դյուժարիկը: