Մեկնարկեց ՀՀ-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստը
Հայաստանը պատրաստ է դառնալ միջազգային գործարար համայնքի շահերի կենտրոն՝ բիզնես գործունեության համար բարենպաստ պայմաններին հավելելով ավանդական հայկական հյուրընկալությունը: Այսօր Երևանում մեկնարկած Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստի ժամանակ իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև վերջերս ստորագրված առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը նոր հնարավորություններ է ստեղծում ներդրումների և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, առևտրի խրախուսման համար, առկա ոլորտներում համագործակցության ընդլայնման և համագործակցության նոր ոլորտների բացահայտման համար»,-նշել է նախարարը:
Խորհրդի անդրանիկ նիստում ԱՄՆ պատվիրակության ղեկավարը և ամերիկյան կողմի համանախագահը` ԱՄՆ Առևտրի փոխներկայացուցչի տեղակալ Էլիզաբեթ Հաֆներն էլ նշեց, որ սա համագործակցության սկիզբն է և այս քննարկումները կողմերին թույլ կտան բացահայտել բոլոր խոչընդոտներն ու հնարավորությունները, որոնք առկա են առևտրային ոլորտում: Նա այստեղ կարևորեց նաև մասնավոր հատվածի ներգրավվածությունը:
Նշենք, որ խորհուրդը հիմնվել է 2015 թվականի մայիսի 17-ին՝ երկու երկրների միջև ապրանքների և ծառայությունների առևտրի ընդլայնման նպատակով:
Այսօրվա նիստին մասնկացել են կառավարության գերթե բոլոր գերատեսչություններից ներկայացուցիչներ, նաև ոլորտային փորձագետներ և ավելի քան 60 գործարարներ: