Պետք է խաղի հավասար պայմաններ ապահովել բոլոր գործարարների համար. ԱՄՆ դեսպան
Այս շաբաթ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստի օրակարգում ներառված է հնարավոր կրկնակի հարկման մասին համաձայանգիրը: Այս մասին այսօր կազմակերպված Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումային հարցերով խորհրդի առաջին նիստի ժամանակ տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը՝ անդրադառնալով կրկնակի հարկումից ազատվելու մասին հարցին:
«ԱՄՆ կառավարությունը խնդրել է տրամադրել որոշակի պարզաբանումներ և տեղեկություններ, որոնցով հիմնավորվում է, թե այս պահին ինչու է անհրաժեշտ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը և սպասում ենք այդ հարցի շուրջ քննարկմանը»,-ասաց դեսպանը:
Նրա խոսքերով՝ ամերիկյան կողմի նպատակն այն է, որպեսզի Հայաստանում այնպիսի միջավայր ձևավորվի, որ երկիրը ներդրումների համար գրավիչ լինի:
«Այս համաժողովների շրջանակներում ո՛չ հայկական, ո՛չ էլ ամերիկյան կողմից որևէ մեկը չի կարող ամերիկյան գործարարներին հրահանգել, որպեսզի գան ու ներդրումներ կատարեն: Նույն կերպ նաև հայ ներդրողներին ԱՄՆ-ում ներդրումների կատարելու հարցում ոչ ոք չի կարող հրահանգ տալ: Մենք աշխատում ենք այնպիսի միջավայրի ձևավորման շուրջ, որը երկու երկրներում էլ միջավայրը գրավիչ կդարձնի ներդրողների համար»,-ասաց Միլսը:
Դեսպանը նաև նշեց, որ հայ ու ամերիկացի պաշտոնյաներն այս հանդիպման շրջանակներում անդրադարձ են կատարելու այն հարցերին, որոնք կարող են խոչընդոտներ ստեղծել առևտրի համար՝ մաքսային, լիցենզավորման հետ կապված և այլ հարցերին. «Մեր նպատակն այն է, որպեսզի 2 երկրների ներդրողների համար գրավիչ միջավայր ձևավորվի, որպեսզի նրանք կարողանան իրենց բիզնեսն իրականացնել միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում և լավագույնս ներկայացնել իրենց գործունեությունը»:
Միլսը նկատեց, որ ամերիկյան բիզնեսի համար իրական հնարավորություններ այստեղ կան, մենք պետք է կարողանալ այդ հնարավորությունների համար նպաստավոր պայմաններ ապահովել. «Ամենակարևորն այն է, որ խաղի հավասար պայմաններ ապահովվեն ամերիկացի, ֆրանսիացի, ռուս և այլ գործարարների համար, որպեսզի նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքը լինի Հայաստանի կառավարության, արդարադատության, դատարանների, իրավական համակարգի կողմից»: