Առկա մարտահրավերներն իրավունք չեն տալիս մեկ մարդու վրա թողնել պատասխանատվությունը. Թորոսյան
Պատմական ավանդույթի, կոլեկտիվ կառավարման քաղաքական մենթալիտետի տեսանկյունից հայ ժողովրդի համար առավել ընկալելի է կառավարման խորհրդարանական համակարգը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը:
Ըստ նրա, խորհրդարանական կառավարման մոդելն անհրաժեշտ է ազգային անվտանգության տեսանկյունից՝ ելնելով մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական առանձնահատկուններից:
«Մեր տարածաշրջանային առանձնահատկությունները, մեր հարևանները, մեր արտաքին քաղաքական մարտահրավերներն իրավունք չեն տալիս մեկ մարդու վրա թողնելու քաղաքական պատասխանատվության, որոշումները կայացնելու պարտավորությունն ու իրավունքը: Շատ վտանգավոր է: Մենք պարտավոր ենք գնալու կառավարման կոլեկտիվ կառավարման, որտեղ պատասխանատվությունը կկրի ավելի հավաքական խումբ, որը հնարավորություն կտա ավելի ճարպիկ դիվանագիտություն բանեցնելու, մանևրելու, ճիշտ քաղաքականություն վարելու, ավելի քիչ ենթարկվելու արտաքին ճնշումներին: Իսկ կոլեկտիվը կձևավորվի ընտրությունների արդյունքում»,- ասաց նա:
Շ. Թորոսյանը նաև նշեց, որ կոլեկտիվ կառավարման համակարգը դյուրացնելու է մեր տնտեսության մեջ առկա մոնոպոլիաների, օլիգարխիկ համակարգի դեմ պայքարը:
Պատգամավորը նշեց, որ դեկտեմբերի 6-ին հասարակ հայ մարդը կքվեարկի իր վաղվա օրվա անվտանգության, բարեկեցիկ կյանքի, պետության ու պետականության վաղվա կայունության համար: