Հասան Ռոհանին Ֆրանսուա Օլանդին առաջարկել է համատեղ պայքարել ահաբեկչության դեմ
«Իրանը պատրաստ է Ֆրանսիայի հետ համատեղ պայքարել ահաբեկչության դեմ»,-այդ մասին ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը, անդրադառնալով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին, նշել է. «Իսլամը խաղաղության կրոն է և դեմ է ահաբեկչական ցանկացած գործողության: Այն պնդումները, թե ահաբեկիչները կապված են իսլամի հետ, սուտ են: Սիրիայում և Իրաքում ահաբեկիչներին վերացնելը պետք է լինի առաջնահերթություն, և այդ հարցում մենք պետք է միմյանց հետ համագործակցենք»:
Շարունակելով խոսքը՝ Հասան Ռոհանին հավելել է. «Փարիզում «Իսլամական պետության» իրականացրած ահաբեկչական գործողությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ բոլոր երկրների համատեղ համագործակցությունը պարզապես անհրաժեշտություն է»:
Ֆրանսիայի նախագահն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել աջակցության համար և հավելել է. «Մենք պետք է համատեղ պայքարենք ահաբեկչության դեմ, «Իսլամական պետության» իրականացրած ահաբեկչական գործողություններն ուղղված էին ողջ մարդկության դեմ:
Օլանդը հույս է հայտնել, որ Իրանի նախագահն առաջիկայում կայցելի Ֆրանսիա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Իրանի նախագահը պետք է մեկներ Իտալիա, այնուհետև Վատիկան, որտեղ պետք է հանդիպում ունենար Հռոմի Պապի հետ: Փարիզում Ռոհանին պետք է մասնակցեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների ղեկավարների համաժողովին:
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների պատճառով այցը հետաձգվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան