«Ա՛յ մարդ, տուալետ, լևի չենք կարողանում գնալ»
ՀՀ Ազգային ժողովում ՀՀ 2016-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Ես մինչև տնից հասնում եմ էստեղ՝ 18 կամերա ինձ նկարում է: Եթե դրանց նկարածները գումարենք՝ իմ ամբողջ կյանքը էկրանի առաջ է: Արդեն հիմա շենքում բակի կողմից էլ են դրել: Այսինքն, դուք ի՞նչ եք մտածում, էդքան մտածում եք մեր մասին, մեր առողջության մասին, որ մենք հանկարծ սխալ քայլ չանենք, չգիտեմ, լևի չգնանք, ինչ չանենք: Արդեն հրավիրում են ռեստորան՝ հաց ուտելու՝ հարցնում եմ՝ ձեզ մոտ նկարո՞ւմ են, թե՞ չէ, մտածում եմ՝ գա՞մ, թե՞ չէ: Մարդ ես, էլի, ուզում ես մի հատ անեկդոտ պատմես, բան: Դե տունն էլ չխոսամ, չասեմ՝ ամեն ինչ լսվում, ամեն ինչ նկարվում է: Դուք ո՞նց եք դրան նայում՝ որպես ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ»,- ասաց Բագրատյանը:
Կորյուն Նահապետյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, նախ նկատեց, որ Բագրատյանը չափազանցնում է, երբ խոսում է ամենուրեք նկարվելու մասին, սակայն գտնում է, որ խնդիրը կարելի է քննարկել:
«Ընդհանրապես այդ գործընթացը ես ողջունել եմ, որովհետև մեր ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հարցում նման սարքերի տեղադրումը կբերի իր դրական արդյունքը: Տեսանկարահանող սարքերը ենթակա են ներդրման ու գործարկման, սակայն այս կամ այն տարածքում տեղադրելու անհրաժեշտությունը կարելի է քննարկել, պետք է մտածել չափորոշիչներ: Եթե գտնում եք, որ օրենսդրական փոփոխությունների կարիք կա, ապա եկեք քննարկենք»,- ասաց նա:
Հրանտ Բագրատյանի արձագանքը չուշացավ. «Ինձ ձեռ մի արեք, մի բան ենք ասում, ասում եք՝ հանդես եկեք օրենսդրական նախաձեռնությամբ: 28 անգամ հանդես եմ եկել, մի անգամ քննարկե՞լ եք ստեղ: Սահմանադրություն էիք փոխում, ասում էի՝ գոնե նենց արեք, որ դեպուտատը նախաձեռնության իրավունք ունենա, մենք չունենք օրենսդրական նախաձեռնության իրավունք, եթե ընդդիմություն ես, չունես: Ի՞նչ ասեմ, շարունակեք տուգանել: Պատասխանատվություն դուք չեք զգում, հասկանո՞ւմ եք: Դուք մարդկանց տուգանում եք ամեն տեղ, ա՛յ մարդ, տուալետ չենք կարողանում գնալ»:
Պատասխանելով պատգամավորի մեկ այլ հարցին՝ 40 ռազմականացված բնակավայրեր ստեղծելու վերաբերյալ, որի հետ կապված նաև առաջարկություններ է արել, Կ.Նահապետյանը նշեց, որ սահմանամերձ բնակավայրերում անվտանգության ապահովման ուղղությամբ իսկապես փոփոխություններ անելու կարիք կա, քանի որ հայ-ադբեջանական շփման գծում հակառակորդն ակտիվ է, ինչի արդյունքում էլ լինում են զոհեր, ինչպես նաև քաղաքացիական զոհեր:
«Այս ուղղությամբ մենք պետք է ձեռնարկենք համալիր միջոցառումներ, մտածենք, թե ինչպիսի գործողություններ կարելի է անել: Այո, քննարկման ենթակա է, սակայն այս պահին վերջնական պատասխան չեմ ցանկանում տալ, քանի որ ձեր ասածը կարգավորման համար տարբերակ է, սակայն պիտի քննարկվի և նոր վերջնական եզրակացություն արվի»,- ասաց Կ.Նահապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան