Ընդդիմախոսները արժեզրկում են սահմանադրական բարեփոխումների նշանակությունը. Շարմազանով
«Մինչ «այո»-ի կողմնակիցները շարունակում են հանրությանը ներկայացնել բարեփոխումների բուն էությունը և առավելությունները, նրանց ընդդիմախոսները խոսում են ամեն ինչից, բացի բարեփոխումների բովանդակությունից՝ հրապարակ նետելով իրականությունից հեռու «թեզեր»»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, ընդդիմախոսները արժեզրկում են բարեփոխումների նշանակությունը և հանրությանը ներկայացնում, որ սահմանադրական բարեփոխումներն ուղղակիորեն չեն բարելավի քաղաքացիների սոցիալական վիճակը:
«Նման պարզունակ թեզ նետելը հրապարակ, մեղմ ասած, անհեթեթություն է, քանի որ ցանկացած երկրում, կրկնում եմ ցանկացած ժողովրդավարական երկրում սահմանադրական բարեփոխումների նպատակը համակարգային ինստիտուցիոնալ բարեփոխումներն են, այլ ոչ թե բարեփոխում օրինակ երշիկի էժանացման վերաբերյալ: Նույն տրամաբանությամբ, ինչպես սահմանադրական բարեփոխումների անցկացումը, այնպես էլ օրինակ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը տարբեր պետությունների կողմից ուղղակիորեն չի կարող բարելավել մեր քաղաքացիների սոցիալական վիճակը: Հիմա ի՞նչ, հրաժարվե՞նք պահանջատիրությունից», -հայտարարեց ԱԺ փոխնախագահը՝ ներկայացնելով Սահմանադրական փոփոխությունների առավելությունները:
Նրա խոսքով, նախ Հայաստանը հրաժարավում է մեծամասնական ընտրական համակարգից և ամբողջությամբ անցում կատարում համանասնականին, ինչի արդյունքում մեծանում է կուսակցությունների դերը:
«Բացի այդ, Հայաստանի քաղաքացին ուղղակիորեն իրավունք է ունենում իր ձայնը լսելի դարձնել խորհրդարանում օրենսդրական նախաձեռնություններում ներգրավվելու արդյունքում: Ընդդիմության թե՛ իրավունքները, թե՛ վերահսկման մեխանիզմներն ակնհայտորեն ավելանում են, և այլևս որևէ իշխանություն չի կարողանա միայնակ որոշումներ կայացնել: Գործող Սահմանադրությամբ նախագահական ընտրություններից հետո հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ, անկախ նրանից, թե նա հավաքել է ընտրողների ձայների 20, 30 թե 49 տոկոսը: Սա բնականաբար ճանապարհ էր դեպի բախումներ: Մենք հրաժարվում ենք այդ ճանապարհից ՝ ուղի հարթելով երկխոսության, համերաշխության, հանդուրժողականության և միասնականության համար: Միգուցե ոմանց պետք են բախումներ և ցնցումներ, բայց մեզ հարկավոր են ոչ թե բախումներ, այլ հզոր և համերաշխ Հայաստան», -ելույթը եզրափակեց Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան