Էմիր Կուստուրիցան համերգով հանդես է գալու Երևանում
Աշխարհահռչակ սերբ ռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցան և The No Smoking Orchestra-ը համերգով հանդես են գալու Երևանում: Համերգը կայանալու է դեկտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս մասին տեղեկանում ենք նվագախմբի պաշտոնական կայքից:
2010 թվականին Էմիր Կուստուրիցան արդեն եղել է Հայաստանում, համերգով հանդես է եկել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Գալով Հայաստան՝ ինձ համար պարզ դարձավ, որ Հայաստանում ճանաչված լինելն ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան ԱՄՆ-ում, քանի որ այստեղ պատմության որոշ շերտեր եմ հասկանում, քանի որ մեր պատմական ենթագիտակցությունը շատ նման է իրար: Ես հասկացա, թե ինչու են իմ արվեստը այստեղ հասկանում ու գնահատում այնպես, ինչպես սերբերը: Ոչ միայն պատմական նմանությունների բերումուվ է, այլ որ նմանօրինակ մոտեցում ունենք մշակույթի հանդեպ:Դուք Ցեղասպանություն եք տեսել, մենք էլ: Մենք, ինչպես և դուք, սփռված ենք ամբողջ աշխարհում ու ներկայացնում ենք մեր արվեստը: Փոքր ազգերը պետք է կրթված լինեն: Հայաստան անվանումը, էկզոտիկից առավել, սերբ ազգի հետ շատ աղերսներ ունի և ընդհանուր բաներ: Դուք այստեղ մեկուսացված եք պատմական մի անհարմար դիրքի մեջ, մենք նմանօրինակ դիրքում ենք գտնվում` Եվրոպայի դարպասին, Եվրոպայի լուսամուտի կողքին մի կղզյակ ենք: Մեր պատմության զարգացման ընթացքում նույն թշանամին ենք ունեցել»,-Երևանում կայացած ասուլիսում ասել էր նա՝ հավելելով, որ երջանիկ է, որ Հայաստանում է, իրեն Հայաստան բերել է իր հետաքրքրասիրությունը:
Սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան Է.Կուստուրիցան մի շարք պարգևների է արժանացել Եվրոպայի խոշորագույն փառատոններում, այդ թվում նաև՝ երկու «Ոսկե արմավենի» մրցանակների Կաննի կինոփառատոնում, Պատվավոր լեգեոնի շքանշանի ասպետ է, Սերբիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Բացի կինոյում աշխատանքներից, Կուստուրիցան հայտնի է որպես The No Smoking Orchestra ֆոլկ-ռոք խմբի մասնակից։ 2007 թվականի սեպտեմբերի 8-ին Կուստուրիցան մի շարք այլ սերբ գործիչների հետ ճանաչվել է UNICEF-ի բարի կամքի դեսպան Սերբիայում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան