Ամենաառատ գյուղերում սննդի ծրագիրն իրականացնում եք, սահմանամերձ գյուղերում՝ ոչ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ Ազգային ժողովում այսօր 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից հետաքրքվեց, թե ինչ տվյալների վրա է հիմնվել նա, երբ ասում է՝ արագաչափերի և տեսախցիկների տեղադրումը նվազեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը:
«Ես Ձեզ ներկայացնում եմ պաշտոնական վիճակագրության տվյալները: Այսպես, 2012 թվականին հանրապետությունում գրանցվել է 2602 ճանապարհատրանսպորտային պատահար, 2013-ին՝ 2824, 2014թ-ին՝ 3156 պատահար: Այսինքն՝ երբ 2012թ-ին տեղադրվել են արագաչափերը և տեսախցիկները, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2014 թվականի աճը 21 տոկոս է կազմում, իսկ տուժածների թիվը աճել է՝ 17 տոկոս: էդ Ձեզ առանձին տվյալներ են տալիս, մեզ առանձի՞ն»,- հարցրեց նա:
Ի պատասխան՝ Կորյուն Նահապետյանը նշեց, որ իր տվյալները վերցված են ոստիկանությունից և առաջարկեց Փաշինյանին հանդիպել հանձնաժողովի նիստում, և քննարկել ու հասկանալ, թե որտեղ է անճշտությունը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև նախակրթարանների երեխաներին սննդով ապահովող ծրագրին, որում ընդգրկված են Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերը:
«Բազմաթիվ սահմանամերձ գյուղեր այս ծրագրից դուրս են մնում, ճիշտ չե՞ք համարում, որ առաջին հերթին պետք է ապահովվեին հենց սահմանամերձ համայնքի երեխաները, սակայն Հայաստանի ամենաառատ գյուղերն են ընկնում այս ծրագրի տակ, այսպես ուղղակի չի կարելի»,-ասաց նա:
Կ.Նահապետյանն էլ պատասխանեց, որ Ազգային անվտանգության ամրապնդման տեսանկյունից սահմանամերձ համայնքների ամրապնդումը գերակա է իրենց համար և դրա ուղղած ցանկացած նախաձեռնություն ողջունելի է: Նա նշեց, որ կարող են համապատասխան քննարկման հարթակներում անդրադառնալ այդ հարցին:
«Ինչ ասում ենք, ասում եք հավաքվենք քննարկենք, շատ պարզ է խնդիրը: Մովսես գյուղի աշակերտին, որ ամեն օր թշնամու ուղիղ նշանառության տակ գնում է դասի, սննդի ծրագիր չենք անում, այստեղ քննարկելու բան չկա, այստեղ առաջնահերթությունների խնդիր կա»,- նշեց Ն. Փաշինյանը:
Հարցին անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հարցադրումը շատ կոնկրետ է:
«Ես կարծում եմ՝ խորհրդարանն աջակից կլինի Ձեր հարցադրմանը»,-ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան