Մեր այսօրվա պետական կարգի իրական անվանումն է` չնաշխարհիկ պադավատապետություն. Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցում է ուղարկել Դանիայի խորհրդարան և հետաքրքրվել, թե այնտեղ Ազգային ժողովում որքան ծառայողական մեքենա կա: Դանիայի ԱԺ-ից մի պատգամավոր Փաշինյանին պատասխանել է, որ իրենց մոտ ծառայողական ավտոմեքենա ունի միայն ԱԺ նախագահը:
Այսօր ԱԺ նիստի ժամանակ, երբ քննարկվում է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, ներկայացնելով Դանիայի խորհրդարանի պաշտոնյայի հետ իր նամակագրությունը, Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանի ԱԺ-ում կա 82 ծառայողական մեքենա:
«Այն որ Ազգային ժողովի նախագահը պետք է ծառայողական մեքենա ունենա, չեն քննարկում նույնիսկ Դանիայում, լավ, հինավուրց երկիր ենք, թող փոխնախագահներն էլ ունենան, լավ, քարը գլուխը` 6 խմբակցությունների ղեկավարներն էլ ունենան ծառայողական մեքենա, բայց մի հատ ինձ բացատրեք` մնացածն ովքեր են, որ Հայաստանի ժողովրդի հաշվին ծառայողական մեքենա ունենան», -հայտարարեց Փաշինյանը:
Նրա խոսքով, նույն վիճակն է նաև Հայաստանի կառավարությունում. այստեղ աշխատակազմում 292 աշխատող կա և 81 ծառայողական ավտոմեքենա:
«Ու սա այն կառավարության աշխատակազմն է, որը դրական եզրակացություններով նախագծերը շըփշըփալով ուղարկում է 82 «պադավադանոց» Ազգային ժողով ու Ազգային ժողովն էլ առանց օֆ անելու ընդունում է էդ օրենքները: Հետո անցնում է մի տարի, երկու տարի, հետո հասկանում են, որ ունքը սարքելու տեղը աչքն էլ են հանել», -հավելեց Փաշինյանը:
Ընդդիմադիր պատգամավորի եզրակացությամբ, եթե Հայաստանի պաշտոնյաներն աշխատեին Դանիայում, ապա ոչ թե «բրանիրովըննիյ լիմուզիններով գործի կգնան, այլ պալասատովիյ շապիկներով օրը երկու անգամ զբոսանքի»: Բյուջեով ֆինանսավորվելու է 1072 ծառայողական մեքենա, որոնց շարքում, ըստ Փաշինյանի, չեն մտնում, «ախրանայի» մեքենաները, ՊՆ-ի, Ոստիկանության, ԴԱՀԿ-ի, հարկային ծառայության, ԿԲ-ի, քաղաքապետարանի, գյուղապետարանների ավտոմեքենաների թիվը:
«Եթե սրանք էլ գումարենք, ապա մենք կանցնենք ոչ միայն Դանիային, Մեծ Բրիտանիային, այլ նաև ԱՄՆ-ին, Չինաստանին, ՌԴ-ին ու Հնդկաստանին: Մինչ սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի և «Ոչ»-ի ճակատները քննարկում են, թե Հայաստանը ինչպիսի պետություն պետք է լինի` նախագահական, թե խորհրդարանական, կռուպնի գործ անող տղերքը բոլորիս աչքի առաջ կառուցել են ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն. ահա սա է մեր այսօրվա պետական կարգի իրական անվանումը», -եզրափակեց ելույթը Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան