Կուչ եկած քաղաքացին չի տեսնում, որ վաղը կարող է վերմակը երկարել. Ռուբեն Հակոբյան
ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ անդրադառնալով 2016 թվականի բյուջեի գաղափարախոսությանը, նշեց, որ աննախադեպ է, երբ հիմնական զեկուցողները օբյեկտիվ ներկայացրեցին իրավիճակը:
«Աննախադեպ է, որ կարևորագույն քաղաքական միջոցառումից առաջ, ինչպիսին դեկտեմբերի 6-ն է, բյուջեն ներկայացվում է և ասվում, որ աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացում չի սպասվում: Մինդչեռ նախկին ընտրություններից առաջ իշխանությունն արհեստականորեն պահում էր դոլարի կուրսը»,- նշեց նա:
Ըստ Ռ. Հակոբյանի՝ հիմնական զեկուցողները բյուջեն ներկայացրել են օբյեկտիվ և քաղաքական թվաբանություն չեղավ:
«Որպես ՀՀ քաղաքացի, որպես պատգամավոր, իմ եզրահանգումը բյուջեի փաստաթղթի վերաբերյալ հետևյալն է ՝ժողովուրդ, մեր վերմակը բավականին փոքր է, մեր ոտքերը պետք է պարզենք այդ վերմակի չափ, և որպեսզի չանցնի վերմակից՝ պետք է ծնկած պահենք ոտքերը: Ես ուզում եմ տեսնել այդ կուչ եկած վերմակի տակ քաղաքացին ինչ հեռանկար է տեսնելու, ո՞րն է բյուջեի գաղափարախոսությունը, փիլիսոփայությունը, սակայն դա չկա, կուչ եկած քաղաքացին չի տեսնում, որ վաղը կարող է այդ վերմակը մեծանալ»,-ասաց Ռ.Հակոբյանը:
Պատգամավորի խոսքերով՝ ամեն տարի իշխանությունը խոսում է ստվեր դեմ պայքարի մասին, փոքր և միջին բիզնեսի զարգացման մասին, այդուհանդերձ, տեսնում ենք, որ ՓՄՁ-ները վերանում են, իսկ ստվերը մնում է նույնը:
Ըստ Ռ.Հակոբյանի՝ պետության զարգացման օրակարգը ձևավորում է միջին խավը, սակայն Հայաստանում չկա այդ միջին խավ, կամ այնքան քիչ է, որ օրակարգ չի կարողանում ձևավորել: «Վակումի արդյունքում, երբ, մի կողմում հարուստն է, մյուսում՝ աղքատը, բնականաբար հարուստն է ձևավորում օրակարգ, որն էլ իր շահերից պետք է ձևավորի»,- ասաց նա:
Եզրափակելով խոսքը Ռ.Հակոբյանը նշեց, որ Հայաստանը պետք է առավելագույնս իր հնարավորություններն օգտագործի, ՓՄՁ-ները զարգացնի, սակայն դրա պարտք են վերցնում: «Արտաքին պարտքին դիմելը «անգյալին» հատուկ պահվածք է, այսինքն՝ դիմել հարևաններին, առավել ևս, որ վտանգավոր շեմին է մոտենում արտաքին պարտքի շեմը»,- նշեց պատգամավորը՝ հավելելով , որ ինքը դեմ է քվեարկելու այս բյուջեին: