Ռուսաստանցի լրագրողները պատրաստ են համագործակցել Հայաստանի իրենց գործընկերների հետ
Ռուսաստանյան ԶԼՆ-ները և ռուս լրագրողները մինչև վերջ չեն պատկերացնում և ընկալում Հայաստանում ընթացող զարգացումները և այն, թե ինչով է ապրում Ռուսաստանի համար եղբայրական երկիրը: Նոյեմբերի 16-17-ին Երևանում կազմակերպված «Եվրասիական ինտեգրացիա և տեղեկատվական դաշտ» թեմայով կլոր սեղանի աշխատանքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Ռուսաստանյան հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի խորհրդի ղեկավար, Ռուսաստանի հանրային հեռուստատեսության պատմավավերագրական բաժնի ղեկավար Լեոնիդ Մլեչինը:
Վերջինս մանրամասնեց, որ այս տարի Հայաստանում է արդեն երրորդ անգամ: Մասնավորապես՝ վերջին անգամ նա գտնվում էր Հայաստանում ամռանը Բաղրամյան փողոցում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու նպատակով:
Ըստ Մլեչինի, և այն ժամանակ և այս անգամ կլոր սեղանի շրջանակներում հայաստանյան իրենց գործընկերները քննադատական կարծիքն են արտահայտել ռուսաստանյան ԶԼՄ-ներում Հայաստանում կատարվող իրադարձությունների լուսաբանման կապակցությամբ:
Բանախոսի խոսքով, հստակ է, որ սույն բացը կարող է լրացվել միայն պարբերական շփման, կարծիքների փոխանակման և երկկողմ առաջարկությունների քննարկման միջոցով, և հենց այս նպատակին է ծառայում այս միջոցառումը:
Լ. Մլեչինը վստահեցրեց, որ իրենք պատրաստ են անել ամեն հնարավորը Հայաստանի իրենց գործընկերներին աջակցելու համար: Մասնավորապես, ըստ բանախոսի, իրենք պատրաստ են կազմակերպել լրագրողների համար մասնագիտական ռուսաց լեզվի դասընթացներ:
Անդրադառնալով, ԵՏՄ վերաբերյալ խնդիրների և զարգացումների լուսաբանման հարցին, Լ. Մլեչինը նշեց, որ ԵՏՄ-ն նոր կառույց է և իրենք ևս մինչև վերջ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում այս հարցում: Այնուհանդերձ, ըստ բանախոսի, նման նորաստեղծ կառույցի պարագայում սա նորմալ է:
Մլեչինի խոսքով, զարգացման նույնն ճանապարհն է անցել նաև ԵՄ-ը և 20-րդ դարի կեսերին, երբ ստորագրվում էին ապագայում ԵՄ ստեղծման հիմք հանդիսացող պայմանագրերը, Եվրոպայում ևս չէին պատկերացնում՝ ինչ կլինի ապագայում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան