Սահմանադրությամբ այդ հարցը լուծվել է, բայց պարզվում է՝ բավարար չէ. Ֆարմանյան
Այսօր «Այո և ոչ» հեռուստաշոուի շրջանակներում Գյումրու տեխնոպարկում մի քանի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը երիտասարդ լսարանին հորդորեց ուշադրություն դարձնել, թե հիմնականում ովքեր են «ոչ» ասում Սահմանադրության բարեփոխումներին և օգնեց հասկանալ. «Այն քաղաքական ուժերը, որոնք հասարակության շրջանում ունեն ճանաչելիություն որոշակի աստիճան և օգտագործելով այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ հանրությունը սոցիալական որոշ խնդիրներ ունի և դժգոհ է դրանից, մտածում են, որ կառաջադրվեն նախագահի թեկնածու կամ կհաջողվի կյանքի կոչել այդ երազանքը»:
Նա նաև արձագանքեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ և «ոչ»-ը քարոզող խմբի անդամ Նարեկ Այվազյանի հայտարարություններին, թե Հայաստանի տարածքային ամբողջականությունը Նախագծով վտանգի տակ է դրվում:
Սահմանադրության նախագծի 205-րդ հոդվածը սահմանում է. «Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»:
Պատգամավորը, որպես օրինակ, հիշեցրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին որոշումը, որն ընդունվեց նախագահի կողմից 2013-ի սեպտեմբերի 3-ին:
«Այդ ժամանակ մեր հարգելի ընդդիմադիր գործիչների հիմնական մեղադրանքը իշխանություններին այն էր, որ թե ով է իրավունք տվել Հայաստանի նախագահին առանց ժողովրդի կարծիքը հարցնելու որոշել անդամակցել ԵՏՄ-ին, այսինքն՝ վերպետական կազմակերպության: Այս Սահմանադրությամբ այդ հարցը լուծվել է, բայց պարզվում է՝ բավարար չէ», -փաստարկեց Ֆարմանյանը:
Նա Գյումրիում երիտասարդների մոտ էլ կրկնեց քարոզարշավում բազմիցս հնչեցրած միտքը՝ «Սահմանադրությունը տալիս է հնարավորություն, որ երկիրը գնա զարգացման ճանապարհով»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան