Սվետլաննա Նավասարդյանը՝ մենահամերգի մասին
«Այսօր հայրս կլիներ հարյուր և մայրս՝ իննսունհինգ տարեկան: Թանկագին այդ տարելիցների առիթով է այս համերգը, որը խոնարհաբար նվիրում եմ նրանց ծնողական հանճարին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ դաշնակահարուհի Սվետլաննա Նավասարդյանը՝ խոսելով նոյեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք իր մենահամերգի մասին, որի խորագիրն է «Նվիրում ծնողներիս»:
Դաշնակահարուհու խոսքով, ծնողների հետ կապված հուշերն իրեն մշտապես տանում են մանկության Ալավերդին, որտեղից էլ իր համար սկսվել է երաժշտությունը. «Մանկությանս Ալավերդին ինձ համար այդպես էլ մնաց աշխարհի կենտրոնը՝ իր ցաքուցրիվ տների մեջ առանձնացող մեր անուշաբույր օջախով, «խորհրդավոր» ժողկրթբաժնով, ուր գիշեր-ցերեկ աշխատում էր հայրս, «Սպանդարյան» դպրոցով, որտեղ դասավանդում էր մայրս, և քաղաքի մոռացված մի անկյունում ծվարած երաժշտական դպրոցով, որտեղ մատներիս հպմանն առաջին անգամ պատասխանեց դաշնամուրը: Այստեղ թև առան երազանքներս, որոնց ծնողներս հավատարիմ մնացին մինչև վերջ»:
Ս.Նավասարդյանը պատմեց, որ Ալավերդիում հսկայական գրադարան ունեին, որ հավաքել էր հայրը՝ Հովհաննես Նավասարդյանը՝ մասնագիտությամբ պատմաբան, կրթության գործի ջատագովներից, ով հետպատերազմյան դժվարին տարիներին ղեկավարել է Ալավերդու, Նոյեմբերյանի շրջանային ժողկրթության բաժինները, հետագայում՝ Երևանի Շահումյանի շրջանի ժողկրթության բաժինը, եղել է Երևանի թիվ 102 դպրոցի հիմնադիր տնօրենը:
Մայրը՝ Հրանուշ Պետրոսյանը, եղել է մանկավարժ-մաթեմատիկոս:
«Պրոֆեսիոնալ երգչուհի էր նաև, արքայական լիրիկա-դրամատիկական սոպրանո: Մորս ձայնը, նրա երգեցողությունը եղան իմ «առաջին երաժշտական համալսարանները» և, անշուշտ, իմ իբրև արտիստի ձևավորման և կայացման գործում մորս դերը դժվար է գերագնահատել»,- ասաց ՀՀ ժողովրդական արտիստ դաշնակահարուհի Սվետլաննա Նավասարդյանը:
Համերգին դաշնակահարուհին կատարելու է Հայդն, Բրամս, Շոպեն և Կոմիտաս:
Ս. Նավասարդյանը 1965-1968 թվականներին սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում (Վ.Ումր-Շատի դասարան), 1971թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Յակով Զակի դասարան), 1973 թվականին՝ ասպիրանտուրան։ Մամուլը նրան «մոգական» է կոչել, երաժշտական աշխարհը` «անուրանալի» անհատականություն, «դաշնամուրային հրաբուխ», իսկ երաժշտագիտական քննադատությունը, փորձելով տալ նրա կատարողական ինքնության սահմանումը, Սվետլանա Նավասարդյանին խորհրդանիշ է կարգել` «խորհրդանիշ ընդվզումի, որ դեմ է այն ամենին, ինչը դաշնամուրային արվեստում առօրեականություն ու կանխատեսելիություն է մարմնավորում»:
Սվետլանա Նավասարդյանը դափնեկիրն է Շումանի, Բախի, Եղսաբեթ թագուհու անվան և Սիդնեի միջազգային մրցույթների, և պատահական չէ, որ նրա առջև շատ վաղ են բացվել աշխարհի ամենահեղինակավոր փառատոների և համերգասրահների դռները, ինչպիսիք են Մոսկվայի Կոնսերվատորիայի Մեծ դահլիճը, Սիդնեյի «Opera House, Բրյուսելի «Palais des Beaux-Arts, Փարիզի «Gaveau, Լայպցիգի «Gewandhaus, Բուենոս Այրեսի «Teatro Colon, Տոկիոյի «Asahi Hall, Օսակայի «Phoenix-Hall, Ստոկհոլմի «Nybrokajen և այլք:
Դաշնակահարուհին համերգներով հանդես է եկել աշխարհի ավելի քան 40 երկրներում, այդ թվում` ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Հունաստան, Ճապոնիա, Չինաստան, Ավստրալիա, Եգիպտոս, Քուվեյթ և այլն: Միջազգային հռչակ ու ճանաչում վայելող Սվետլանա Նավասարդյանի երաժշտական կարիերան լի է նաև անվանի երաժիշտների հետ համագործակցության բազմաթիվ դրվագներով` Եվգենի Սվետլանով, Վալերի Գերգիև, Վասիլի Սինայսկի, Կառլ Էտտի, Քրիստոֆեր Ուորեն-Գրին, Էլիսո Վիրսալաձե, Եվգենի Կիսին, Վլադիմիր Սպիվակով, Յուրի Բաշմետ և շատ ուրիշներ: Սվետլանա Նավասարդյանի մեկնած երկերի ցանկը ներառում է դաշնամուրի և նվագախմբի համար գրված վաթսունից ավելի կոնցերտ, այդ թվում` Բախի, Մոցարտի և Բեթհովենի բոլոր կոնցերտները, մոնոգրաֆիկ մենանվագային ծրագրեր:
Երաժիշտը համագործակցում է Փարիզի` Ecole Normale de Musique, Ստոկհոլմի` Lille Academia, Էսսենի` Hochschule fur Musik, Ֆռանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի երաժշտական հեղինակավոր այլ հաստատությունների հետ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրավիրյալ պրոֆեսոր է, վարպետության դասեր է վարում աշխարհով մեկ: Սվետլանա Նավասարդյանը ՀՀ կառավարական բարձրագույն պարգևի` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր է (2010 թ.), նաև՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի կողմից շնորհված, Հայաստանյայց Արաքելական Սուրբ Եկեղեցու՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ (2015 թ.):