ՀՅԴ-ն սահմանադրական փոփոխությունները պաշտպանում է ոչ թե կրքոտ, այլ վճռական
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համաձայն չէ, որ դաշնակցականները «կրքոտ» են պաշտպանում սահմանադրական փոփոխությունները:
«Կրքոտ բառը գուցե տեղին չէ, բայց շատ ավելի վճռական ու համոզումով ենք պաշտպանում, դա բնական է: Դաշնակցության համար այս փոփոխությունները ծրագրային հիմք ունեն»,-սահմանադրական փոփոխություններին ՀՅԴ կողմ լինելն այսպես բացատրեց Ա. Վարդանյանը:
Նրա խոսքով, Դաշնակցությունն ավելի քան 20 տարի պնդել է, որ Հայաստանի կառավարման լավագույն մոդելը խորհրդարանականն է:
«Ես բազմիցս ասել եմ, որ մեր հիմնավորումները փաստարկված են, բխում են մեր այսօրվա իրականությունից, համակարգի բերած արատներից, բացերից: Այս առումով, մենք խորագույն համոզումով ենք պաշտպանում սահմանադրական այս փոփոխությունները»,-ասաց նա:
Դաշնակցության համար ընդունելի է 100 տոկոսով համամասնական ընտրակարգի անցումը. «Այսօր քաղաքական դաշտում գտնվող ուժերի տարիների պայքարն էր, որ պետք է լինի 100 տոկոսով համամասնական ընտրակարգ»:
Նրա ներկայացմամբ, առաջարկվող Սահմանադրության երրորդ կարևորագույն բաղադրիչը, ընդդիմության դերակատարությունն է պետական համակարգում: Գործող համակարգը պետության կառավարման առումով ունի մի էական թերացում, եթե որևէ քաղաքական ուժ 51 տոկոս է հավաքել, ապա 47 տոկոս հավաքած ուժերը զրկվում են պետական կառավարմանը մասնակցելու հնարավորությունից:
«Սա անառողջ սիստեմ է, սա առճակատման, թշնամանքի, միմյանց հանդեպ չարության մթնոլորտ է ստեղծում: Նոր Սահմանադրությունը ընդդիմությանը տալիս է գործուն այնպիսի լծակներ, որոնց մասին ցանկացած ընդդիմադիր ուժ կերազեր: Ես չգիտեմ, թե այս պարագայում մեր ընդդիմադիրները ինչից են դժգոհ»,-ասաց դաշնակցական պատգամավորը:
Վարդանյանը նկատեց, որ առաջարկվող փոփոխություններին «ոչ» ասողները «այո» են ասում գործող Սահմանադրությանը, որին 2005-ին «ոչ» են ասել. «Ստեղծվում է մի տարօրինակ իրավիճակ: Բոլորս պետք է հասկանանք, որ նոր Սահմանադրությունը ընդունվելու դեպքում առնվազն 10-20-30 տարի բոլորի համար սահմանելու է նույն կանոնները, սա մի փաստաթուղթ է, որի խաղի կանոններով բոլորս ապրելու ենք: Դաշնակցության պատկերացմամբ, փոփոխությունները պետք է լինեն խորքային, բովանդակային, անձերի փոփոխությունը որևէ բան չի տալու»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան