Սա կայունության բյուջե է. Վահան Բաբայան
ԲՀԿ խմբակցությունը 2016թ-ի պետական բյուջեն համարում է կայունության բյուջե: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2016թ.-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
Նրա խոսքերով՝ գաղտնիք չէ, որ մեր երկրում կան սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ, մարդիկ դժգոհում են աշխատատեղերի բացակայությունից, կան ցածր վարձատրվող աշխատանքի տեսակներ, որոնք չեն բավարարում քաղաքացիներին:
«Սակայն այսօր մենք քննարկում ենք կարևորագույն հարց՝ պետական բյուջեի հարցը, որը քաղաքական առումով գտնվում է քաղաքական օրակարգի կիզակետում և դրանից է կախված երկրի զարգացումն ու հետընթացը: ԲՀԿ-ն մանրամասն ուսումնասիրել է բյուջետային ուղերձը, տնտեսական առաջարկված քաղաքականության բոլոր դրույթները, որոնք ներառված են բյուջեում: Մեր մասնագետները բավական լուրջ քննարկումներ են անցկացրել, առաջարկներ արել»,- ասաց պատգամավորը:
Ըստ Վ.Բաբայանի՝ բյուջեի քննարկումների ժամանակ չի լսել տնտեսության զարգացման համար կարևոր ոլորտի՝ տուրիզմի մասին, որը կարևոր դերակատարություն ունի տնտեսության զարգացման համար:
«Տուրիզմը կարող է զարգացնել բոլոր ոլորտները և կարծում եմ, որ այս մասին պետք է մտահոգվենք և աշխատենք այդ ուղղությամբ»,- նշեց նա:
Միաժամանակ Վ.Բաբայանը նշեց, որ իրենք չեն կարող դեմ լինել մի նախագծի, որտեղ կան կետեր, որոնք վերաբերում են արդյունաբերության քաղաքականության, ընտանեկան բիզնեսի զարգացմանը, հարկային քաղաքականությանը և մի շարք այլ ոլորտների զարգացմանը: «Չեմ կարծում, որ սա կարող է մարդկանց մոտ առաջացնել դժգոհություններ, հակառակը՝ սրանք դրական կետեր են»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով բյուջեով կանխատեսվող 2,2 տոկոս տնտեսական աճին, Վ. Բաբայանը ընդունեց, որ այն ցածր է և չի արտահայտում քաղաքացիների ցանկությունը: «Մեր քաղաքացիները շատ բան են ուզում, բայց հասկանալի է նաև, որ այս բյուջեն չի թողնելու, որ մենք հետընթաց ունենանք»,- նկատեց նա:
ԲՀԿ խմբակցության պատգամավորը նշեց, որ բյուջեի վերաբերյալ ինքնանպատակ քննադատություն հնչեցնելու խնդիր չեն տեսնում, բայց դա չի նշանակում, որ իրենք չեն քննադատելու այն բոլոր խնդիրները, պրոբլեմները, որոնք իրենք տեսնում են:
«Ընդհանուր քաղաքականության առումով, բնական է, կլինեն քննադատելու հարցեր, բայց եթե վերցնում ենք քաղաքական տեսանկյունից, մենք իրավունք չունենք այսօր չտալ հնարավորություն քայլ առաջ անել: Մեր կարծիքով, սա կայունության բյուջե է: Եթե կարողանանք ինչ-որ բան կայունացնել, այս դժվարին փուլում, կկարողանանք զարգացնել: Կարևոր է, որ լինենք անկեղծ, պահանջենք մաքսիմալը կառավարությունից: Մենք առաջին հերթին կողմ ենք կառավարությանը հնարավորության տալու գաղափարին, հետո պահանջելուն»,-ասաց Վ.Բաբայանը: