Մինասյան. Պետք է փաստաթղթերին միս ու արյուն հաղորդվի
Բյուջեն արտացոլումն է մեր երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի, որը նկարագրելու համար այս դեպքում ավելի կոշտ ու կոպիտ բառ պետք է օգտագործել, խայտառակ վիճակ է: ԱԺ-ում քննարկվող հաջորդ տարվա բյուջեի նախագծի մասին այսպես արտահայտվեց Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Ես փորձեմ առաջնորդվել իրավիճակի անկեղծ և ազնիվ գնահատմամբ: Առաջին հերթին այս փաթեթը վկայում է, որ երկրի մակրոտնտեսական վիճակն իսկապես անկայուն է, որ գնաճի զսպման արդյունավետ համակարգ երկրում չի գործում, որ ֆինանսական շուկաները բավարար չափով կայացած չեն»,-ասաց պատգամավորը:
Մինասյանը թվարկեց նաև «առկա վիճակի այլ բնութագրիչներ», օրինակ, ստվերային տնտեսությունն ու կոռուպցիան շարունաում են խժռել երկրի տնտեսական հիմնական պոտենցիալը:
Տնտեսագետ պատգամավորի խոսքով, առկա իրավիճակն ազդում է մարդկանց գնողունակության, նրանց ռեսուրսների անարդյունավետ ծախսման, գործազրկության, աղքատության, արտագաղթի վրա:
«Սա պահանջում է, որ մենք ձեզ հետ միասին ելքեր կարողնանաք գտնել: Առաջին ելքը մեկ լեզվով, մեկ սկզբունքով խոսելու մեջ է, ինչը ցավո ք չի ստացվում»,-ասաց Մինասյանը, տարօրինակ համարելով այն, որ կառավարության անդամները գովաբանում են իրականացված ծրագրերը, սակայն արդյունքը նկարագրելիս դրական բաներ չունենք:
«Կամ երբ խոսվում էներդրումների հայեցակարգի մասին ու չի նշվում, թե այդ փաստաթուղթը իրականություն դառնալու համար ինչ խոչընդոտներ կան, ուրեմն մենք հերթական թուղթն ենք ստեղծում: Բայց պետք է իրականացման մեխանիզմ լինի, միս ու արյուն հաղորդվի այդ փաստաթղթին, որևէ ներդրող ներդրում չի կատարի այդ թղթի համար, նա պետք է տեսնի իրական գործողություններ՝ ներդրողների շահերը պաշտպանելու կոմիտեներ ստեղծվեն, ներդրողների իրավունքները պաշտպանվեն»,-ասաց Մինասյանը: