ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը բարձր է գնահատել ՀՀ ներդրումը գլոբալ անվտանգության ապահովման գործում
Վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններում դրական առաջընթաց է արձանագրվել, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում՝ փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար: Այս մասին նշել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն՝ ընդունելով ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Բրիջիթ Բրինքը նշել է, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և շահագրգռված են դրանց հետագա խորացմամբ ու նպատակադրված են գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձան հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր են փոխանակվել նոյեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցած՝ Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Այդ առումով Բրիջիթ Բրինքն ասել է. «Հպարտ եմ, որ Միացյալ Նահանգները օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալներով խոշորագույն ներդրողներից մեկն են Հայաստանում, և լիահույս եմ, որ Տնտեսական համագործակցության հարցերով հայ ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի և Առևտրի ու ներդրումների հայ ամերիկյան խորհրդի՝ այս շաբաթվա երևանյան հանդիպումների միջոցով կկարողանանք վերհանել ներդրողների վստահությունը Հայաստանի նկատմամբ առավել մեծացնելու ուղիներ: Բարձր մակարդակի հանդիպումների այս շարքը մեզ կօգնի ձևավորել առավել շահեկան առևտրային գործընկերություն»:
Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ շեշտելով հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը։ Երկուստեք ընդգծվել է, որ խնդրի կարգավորման շուրջ քննարկումներն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը վնասակար են։
Էդվարդ Նալբանդյանն ու Բրիջիթ Բրինքը հանգամանալից քննարկում են ծավալել միջազգային և տարածաշրջանային խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի, հակամարտությունների կարգավորման ուղիների վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը բարձր է գնահատել Հայաստանի ներդրումը գլոբալ անվտանգության ապահովման գործում և մասնակցությունը այլ երկրներում խաղաղապահ գործողություններին։