Դավիթ Հարությունյանը՝ Մարզահամերգային համալիրի մասին
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կառավարության կողմից օտարվելուց հետո շարունակելու է օգտագործվել նույն ուղղությամբ, որով այն օգտագործվել է մինչ այդ: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին:
«Քանի որ կա նաև հարակից տարածք, որը անմիջականորեն կապ չունի մարզահամերգային համալիրի հետ, կառավարությունը թույլ է տալիս հյուրանոցային համալիրի կառուցում, որում կլինեն կինոթատրոններ, ռեստորաններ, խանութներ, ժամանցի այլ վայրեր, փակ ջրային ատրակցիոն: Սահմանված է նաև ներդրումերի չափը, քանի որ ՀՀ կառավարությունը սահմանել է, որ Երևանում խաղատնային գործունեությամբ զբաղվելու իրավունք ունի այն կազմակերպությունը, որը կկատարի 100 միլիոն դոլարից ավելի ներդրումներ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքերով՝ եթե օտարման արդյունքում ձեռք բերված ներդրումային պարտավորությունները չկատարվեն, ապա դա հիմք կծառայի ապա դա հիմք կծառայի սեփականատիրոջ հետ կնքված պայմանագրի լուծարման, կամ տուգանքների կիրառման:
Դավիթ Հարությունյանը նաև հայտնեց, որ այս պայմանագիրը դեռևս ուժի մեջ չի մտել, քանի որ ՀՀ կառավարությունը կոշտ պայմաններ է դրել՝ մինչև վճարումը չլինի, ապա պայմանագիրը ուժի մեջ չի մտնելու, որևէ իրավական հետևանք չի առաջացնելու, հակառակ դեպքում կբարդանար իրավական գործընթացն այս պայմանագիրը լուծելու առումով:
«Այնպես որ, ՀՀ կառավարությունն ապահովել է իրեն այն իրավունքներով, որով կկարողանա ստիպել հակառակ կողմին կատարել իր պայմանագրային պարտավորությունները»,- ընդծեց Դավիթ Հարությունյանը:
Պատգամավորը նաև խնդրեց լրացուցիչ ասել, թե գնորդն ինչ ընկերություն է:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ընկերությունը, որի հետ կառավարությունը կնքել է մարզահամերգային համալիրի օտարման պայմանագիրը, գրանցված է Հայաստանում, սակայն նախկինում Հայաստանում գործունեություն չի ծավալել: Հենց դա է պատճառը, որ կառավարությունն ավելի կոշտ պայմաններով պայմանագիր է առաջարկել, քան սովորաբար լինում է նման դեպքերում:
Հարցին, թե ովքեր են ընկերության հիմնադիրները, Դավիթ Հարությունյանը պատգամավորին խորհուրդ տվեց դիմել պետական ռեգիստր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան